.jpg)
Վերին Գետաշենի ամբուլատորիայի տնօրենը կգնի Լյուքս Ստեփանյանի հոր դեղերը
Նոյեմբերյանի N զորամասերում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն հասանելիք դեղերը դեռևս չեն հատկացրել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Aysor.am-ը այս խնդրին անդրադարձել էր: Ի. Ստեփանյանը պատմել էր, որ կնոջ և մոր առողջական վիճակն է վատացել, իսկ անհրաժեշտ դեղերը չեն կարողանում գտնել:
«Բերեցինք Էրեբունի հիվանդանոց, դեղ նշանակեցին, որը չգտանք դեղատներում, ասեցին՝ դիմեք ձեր մոտի ամբուլատորիա, կտան, սակայն այնտեղ ասացին, որ այդ դեղը միայն ցուցակով են հատկացնում, իսկ մեզ դեղ չի հասնում: Չգիտեմ, ինչ պետք է անեմ»,- ասել էր նա:
ՀՀ ԱՆ Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակից Աշոտ Մելքոնյանի հավաստմամբ` ինքը կապվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի ամբուլատորիայի վարիչի հետ, ով խոստացել է, որ կհատկացնի զինվորի հորը անհրաժեշտ դեղամիջոցները: «Իրենք արդեն այդ մասին հայտնել են ընտանիքի անդամներին»,- ասել էր նախարարության աշխատակիցը:
Մեր թղթակցի հետ զրույցում Ա. Մելքոնյանը նշեց, որ այսօր ևս ինքը կապ է հաստատել Վերին Գետաշենի ամբուլատորիայի տնօրենի հետ և պարզել, որ անհրաժեշտ դեղերը հատկացվել են Ի. Ստեփանյանին և խորհուրդ տվեց ամբուլատորիայի տնօերնից պարզել, արդյոք իր պահանջած բոլոր դեղերը կա՞ն անվճար տրամադրվող դեղերի ցանկում:
Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի տնօրեն Արսեն Ղուկասյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ի. Ստեփանյանը իրենց որևէ անգամ չի դիմել` օգնություն ստանալու համար:
«Կարող եք մեր կանչերի մատյանը բացել, եթե որևէ տեղ տեսնեք նրա կամ նրա ընտանիքի անդամների անունը, ես ներողություն կխնդրեմ: Մի քանի օր առաջ մեր ընտանեկան բժիշկը այցելել է նրանց, սակայն մայրն ու կինը հրաժարվել են որևէ օգնությունից` պատճառաբանելով, որ իրենք հիվանդ չեն: Ես չգիտեմ, թե նա ինչու է նման լուրեր տարածում: Նա միայն 3 ամիս առաջ է եկել մեզ մոտ 2 տարվա վաղեմություն ունեցող դեղերի ցանկով, որը 90 %-ով մենք բավարարել ենք: Հիմա ես խոստանում եմ, որ եթե նա բերի բժշկի կողմից ստորագրված դեղերի ցանկ, ես պատրաստ եմ այն դեղերը, որոնք չկան ցանկում, գնել և տալ իրեն»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Լյուքս Ստեփանյանի ընտանիքին խոստացել են հատկացնել դեղերը