ԼՂՀ ճանաչման օրինագծի քննարկում. Կողմ են Փաշինյանը և ՀՅԴ-ն
12/11/2013 17:08

ԼՂՀ ճանաչման օրինագծի քննարկում. Կողմ են Փաշինյանը և ՀՅԴ-ն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով, որպեսզի գան միասնական որոշման: ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նման դիրքորոշում հայտնեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և ավելացրեց, որ ինքը հանձնաժողովում դեմ է քվեարկել նախագծին, քանի որ սա կարևոր հարց է:

«Ես բերել եմ մի քանի տասնյակ փաստարկներ ու պատրաստ եմ ևս մի քանի հազարը բերել ու ապացուցել, որ այս օրինագծի ընդունումը չի բխում ԼՂՀ-ի ու Հայաստանի շահերից: Եթե բերեք գոնե մեկ փաստարկ, որ ճանաչումով կապահովի ձեր նշած կետերը, ես կողմ կքվեարկեմ»,-դիմելով Զարուհի Փոստանջյանին` ասաց Ալ. Արզումանյանը:

Իր հերթին ԱԺ ՀՅԴ  խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք պետք է մասնակցեն այս քվերակությանը, որովհետև հակառակ դեպքում դա կարող է այլ կերպ դիտարկվել. «Մենք մասնակցելու ենք ու կողմ ենք քվեարկելու»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ իր խմբակցությունը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի ու անկախության ջատագովն է, սակայն ԼՂՀ անկախության ճանաչումը, նրա խոսքով, ժամանակավրեպ է:

«Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը կնշանակի, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից ու տապալում դրանք: Հաշվի առնելով նաև այն, որ ԼՂՀ-ն ևս նման քայլը ժամանակավրեպ է համարում, ճանաչումը կնշանակի, որ Հայաստանը միակողմանի նման քայլ է անում, որը հակասում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: ԼՂՀ ճանաչմանը կարելի է հասնել ոչ թե թղթով, այլ` վերաբնակեցումով ու զարգացումով»,- ասաց նա՝  հավելելով, որ ՀԱԿ-ը չի մասնակցի այս օրինագծի քննարկմանը:

Իսկ ահա նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը մասնակցելու է քվեարկությանը և կողմ քվեարկելու. «Կողմ եմ քվեարկելու ոչ թե որովհետև դեմ եմ սառն ու պրագամատիկ հաշվարկին, այլ նրա համար, որ հատկապես հիմա, երբ պետք է ուղերձ հղել միջազգային հանրությանն ու սփյուռքի հայրենակիցներին առ այն, որ Հայաստանում կան մարդիկ, ուժեր, որոնք ՀՀ-ի անկախությանը հավատում են նույնպիսի ոգևորությամբ, ինչպես հավատում էին 88-ին։ Քվեարկելու եմ հանուն Հայաստանի և ԼՂՀ անկախության ու ընդդեմ սառը և պրագմատիկ հուսահատության»:

Պատգամավորների ելույթից հետո օրինագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանն իշխանություներին մեղադրեց «հայրենիքը ծախելու» մեջ. «Դուք եք ձախողել ամբողջ գործընթացը, հենց ի սկզբանե ձախողել եք, հիմա եկել մի իրավիճակի ենք բախվել, որ դուք պարտավոր եք ճանաչել Արցախի անկախությունը»:

Այդ պահին խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անջատեց նրա խոսափողն ու ասաց, որ հարցի քննարկումն ավարտված է:

«Եթե որևէ մեկը հայրենիքը ծախելու մասին ուզում է խոսել, թող իր կուսակցությունում քննարկի»,- եզրափակեց խոսքը Հ. Նաղդալյանը:

Նախորդող հրապարակումներ` ԱԺ-ն քննարկում է ԼՂՀ ճանաչելու մասին օրինագիծը

Շավարշ Քոչարյան. Ազգային ժողովը չպետք է օգնի Ադրբեջանին

ԼՂՀ ճանաչման օրինագծի քննարկում. Կողմ են Փաշինյանը և ՀՅԴ-ն