Լյուքս Ստեփանյանի հայրը ողջ նախաքննության ընթացքում փաստաբան չի ունեցել
12/11/2013 18:22

Լյուքս Ստեփանյանի հայրը ողջ նախաքննության ընթացքում փաստաբան չի ունեցել

Նոյեմբերյանի զորամասի զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծանոթացել է նախաքննության եզրակացությանը և միայն միջնորդություն է ներկայացրել` տեսակցությունը թույլատրելու վերաբերյալ, քանի որ մինչև այժմ Դ. Խաչատրյանը իր հարազատների հետ չի տեսակցել:

«Քանի որ, ըստ էության, միակողմանի քննություն է կատարվել, կսպասենք նրան, որ գործը մտնի դատարան և այդ փուլում կբարձրաձայնենք գործում առկա թերությունների մասին»,-ասաց նա:

Լ. Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը, պարզվում է, այս ողջ ընթացքը անցել է առանց փաստաբանի: Նա Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն փաստաբանի ծառայությանը դիմելու առաջարկ չի արվել, և ինքը երբեմն օգտվել է իր ծանոթ փաստաբանի խորհրդատվությունից:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քննիչը մի քանի անգամ Ի. Ստեփանյանին առաջարկել է օգտվել փաստաբանի ծառայությունից, սակայն նա հրաժարվել է:

«Քննիչը նրան առաջարկել է աշխատանքը ավելի ճիշտ կազմակերպելու համար գտնել փաստաբան, անհրաժեշտ միջնորդություններ ներկայացնելու համար, ինչպես նաև օգտվել հանրային պաշտպանի ծառայություներից, սակայն Ի. Ստեփանյանը հրաժարվել է»,-ասաց նա:

Ի. Ստեփանյանը նշեց, որ դեռևս չի որոշել` արդյոք փաստաբան կվարձի՞, թե՞ կօգտվի հանրային պաշտպանի ծառայություններից: 

Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Նախորդող հրապարակում` Ի՞նչ է կատարվել Նոյեմբերյանի զորամասում. Պատմում է հրամանատարը

Լյուքս Ստեփանյանի հայր. Նախարարը ինձ խոստացավ, որ գործը շուտ կավարտեն

Լ. Ստեփանյանի գործով մեղադրյալի փաստաբան. Սպասում ենք` գործը դատարան մտնի
 

 

Լյուքս Ստեփանյանի հայրը ողջ նախաքննության ընթացքում փաստաբան չի ունեցել