Օզբիլիս. «Հպարտ եմ, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը»
12/11/2013 20:14

Օզբիլիս. «Հպարտ եմ, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը»

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «ИТАР-ТАСС»-ին տված հարցազրույցում խոսել է «Զենիթի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին, համեմատել է Վալերի Կարպինին և Լոենիդ Կուչուկին, հիշել է «Այաքսում» անցկացրած տարիներն ու կարծիք հայտնել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման մասին:

- Արաս, ինչպե՞ս է ինքնազգացողությունդ` «Զենիթի» նկատմամբ տոնած հաղթանակից և «Ռոմաշկա» ռեստորանում անցկացրած երեկույթից հետո:
- Դուք որտեղի՞ց գիտեք (Ժպտում է): Ամբողջ թիմով մի լավ տոնեցինք հաղթանակը: Ամիսը 1 կամ 2 անգամ պարբերաբար մասնակցում ենք նման երեկույթների: Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ «Սպարտակում եմ», բայց արդեն հասցրել եմ մասնակցել ոչ պաշտոնական միջավայրում անցկացվող նմանատիպ միջոցառումների:

- Ո՞վ է նման միջոցառումների պարագլուխը:
- Իհարկե` ես (Ծիծաղում է), իսկ եթե ավելի լուրջ` մեր ֆիզպատրաստականության գծով մարզիչ Էդու Դոմինգեշը: Ֆուտբոլիստներից ամենաուրախներն են Մակեևն ու Կարիոկան:

- Կարիոկա՞ն:
- Այո: Ռաֆան քիչ է խոսում, բայց եթե ինչ-որ բան ասում է, ապա…

- «Զենիթի» հետ խաղն այնքան էլ ուրախ նոտայով չսկսվեց: Վալերի Կարպինն ասել է, որ թիմը ցանկությունից պարզապես վառվել էր:
- Ամենայն հավանականությամբ, նա ճիշտ է: Իհարկե, միշտ էլ ցանկանում ես լավ ֆուտբոլ ցուցադրել, բայց ոչ միշտ է ամեն ինչ ընթանում այնպես, ինչպես ուզում ես: Նման դեպքերում խաղն ընդամենը մեկ դրվագում կարող է փոխվել: «Զենիթի» հետ խաղում այդ պահը Ռեբրովի 11 մետրանոցն էր: Այդ ժամանակ մենք հասկացանք, որ ամեն ինչ կարող ենք փոխել: «Լոկոմոտիվը» պարտվեց Տոմսկում, դե իսկ մենք էլ հաղթեցինք և մոտեցանք առաջին հորիզոնականին: Չեմպիոնական մրցավազքը շարունակվում է:

- Ինչպիսի՞ զգացողություններ ունես դատարկ տրիբունաների առջև խաղից:
- Իմ մարզական կարիերայում նման բան դեռ տեղի չէր ունեցել: Շատ տարօրինակ զգացողություններ էին: Խաղի ժամանակ պարզ լսում էինք մեկս մյուսին և մարզչին: Չեմ ուզում կրկնվել, բայց այդ ամենը շատ տարօրինակ էր:

- Խաղից հետո հասցրեցի՞ր շփվել Նիկիտա Սիմոյանի հետ:
- Այո: Նա ինձ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ: Հետո զրուցեցինք, այնուհետև Յուրա Մովսիսյանը Սիմոնյանին նվիրեց իր մարզաշապիկը: Մեծ պատիվ էր ինձ համար այդ անձնավորության հետ շփվելը:

- Ինչպե՞ս է իրեն զգում Մովսիսյանը:
- Որոշակի խնդիրներ ունի` ծնկի հետ կապված: Հուսանք, նա արագ կապաքինվի և կվերադառնա խաղադաշտ, քանզի Յուրան շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար:

- Մովսիսյանն ասում է, որ դու շատ համեստ ես:
- Դե այնքան էլ համեստ չեմ, սակայն չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում:

- Համեստությունը չի՞ խանգարում խաղադաշտում:
- Խաղադաշտում ես այն չունեմ (Ժպտում է):

- Ամեն դեպքում, քեզ դժվար է պատկերացնել զգացողություններից այրված վիճակում:
- Պարզապես ես շատ հանգիստ եմ: Թեև կարող եմ եռալ, եթե մրցավարի կողմից սխալ նկատեմ:

- Օրինակ, ինչպես Հալկը, կարո՞ղ ես գնդակը խլել խաղընկերոջիցդ ու 11 մետրանոց հարված իրացնել:
- Դժվար թե: Մեզ մոտ ամեն ինչ հստակ է և կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենք են իրացնում 11մետրանոցները:

- «Սպարտակի» երկրպագուները կարոտել են քո կատարմամբ հեռահար գոլերին:
- Դեռևս չի ստացվում: Հավատացեք, ես չեմ մոռացել դարպասին խփելը և իմ հարվածն առաջվա պես ուժգին է: Ամեն ինչ լավ կլինի, կլինեն նաև գոլեր: Ես այդ առումով չեմ անհանգստանում:

- Ի դեպ, ո՞րն ես համարում քո մարզական կարիերայի լավագույն գոլը:
- Դժվարանում եմ պատասխանել: Երևի թե նախորդ մրցաշրջանում, երբ դեռ հանդես էի գալիս «Կուբանում», «Դինամոյի» դարպասը խփած գոլը: Մենք այդ ժամանակ հաղթանակ կորզեցինք հանդիպման վերջին վայրկյաններին:

- «Կուբանում աշխատել ես Լեոնիդ Կուչուկի հետ, ով հիմա մարզում է «Լոկոմոտիվը»: Կարպինն ու Կուչուկը բացարձակ տարբե՞ր են:
- Նման են միայն նրանով, որ երկուսն էլ նվիրված են իրենց գործին: Նրանք տարբեր մարզիչներ են: Կարպինն ավելի սերտ է ֆուտբոլիստների հետ: Նա ավագ ընկերոջ նման է, ում բոլորն են հարգում: Կուչուկը շփվում է ֆուտբոլիստների հետ այնպես, ինչպես հայրը` տղաների:

- Արաս, ո՞ր տարիքում ես ընդունվել «Այաքսի» ակադեմիա:
- 7 տարեկանում: Դա 1997 թ. էր:

- Հաջորդ իսկ տարում «Սպարտակն» ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հաղթել է «Այաքսին»: Հիշո՞ւմ ես այդ մրցաշրջանի հանդիպումները:
- Ոչ, սակայն ինձ շատ են պատմել այդ մասին: Փոխարենը հիշում եմ 2 տարի առաջ կայացած Եվրոպայի լիգայի խաղերը, երբ «Սպարտակը» կրկին պարտության մատնեց «Այաքսին»:

- Այդ ժամանակ «Սպարտակի» ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ ես փոխանակվել մարզաշապիկով:
- Մակեևի: Երբ տեղափոխվեցի «Սպարտակ», նրանից հարցրեցի, թե ո՞ւր է իմ մարզաշապիկը: Նա ասաց, որ չի հիշում (ժպտում է): Երևի նվիրել է ինչ-որ մեկին:

- Մանուկ հասակում ո՞վ էր քո կուռքը:
- Դիեգո Մարադոնան:

- Այդ ինչպե՞ս: Չէ՞ որ նա ավարտել է մարզական կարիերան, երբ դու սկսել ես խաղալ:
- Հայրս ցուցադրում էր ինձ նրա մասնակցությամբ խաղերի տեսագրությունները: Շատ տպավորիչ էին: Նա պարզապես հիասքանչ է:

- «Այաքսում» հանդես էիր գալիս Էդգար Մանուչարյանի հետ միասին, ով ժամանակին համարվում էր հեռանկարային ֆուտբոլիստ:
- Մանուչարյանն այն տաղանդավոր ֆուտբոլիստներից է, ում հանդիպել եմ: Տեխնիկապես զարգացած է, արագ և խելացի: Երբ Էդգարը վազում է, նա ասես սահում է ջրի վրայով: Հավատացեք, նա հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկն է: Բայց հնարավորություններն ամբողջոցին ցուցադրելու համար ֆուտբոլիստին նաև հաջողություն է պետք: Մանուչարյանը բազմաթիվ անգամներ վնասվածքներ է ստանում, որոնք իր մարզական կարիերայի ընթացքում անընդհատ խանգարում են նրան:

- Ինչպե՞ս կգնահատես նրա խաղը հիմա` «Ուրալում»:
- Եթե նա լավ մարզավիճակում է, կարող է շատ բան անել: Դա շատ կարևոր է: Հուսով եմ, Էդգարը դեռ կցուցադրի իր կարողությունները:

- Արաս, ինչո՞ւ ընտրեցիր Հայաստանի հավաքականը:
- Երբ ես հանդես էի գալիս «Այաքսում», հրավեր ստացա Հոլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքականից: Միևնույն ժամանակ ինձ հրավիրեցին նաև Հայաստան: Այդ ժամանակ մենք ԱՄՆ-ում մասնակցում էինք ուսումնամարզական հավաքի, և գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը խորհուրդ տվեց որոշում կայացնելիս չշտապել: Բայց ես առանց տատանվելու ընտրեցի Հայաստանի հավաքականը, ինչի համար շատ հպարտ եմ:

- Հայաստանի հավաքականը վատ հանդես չեկավ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: Ի՞նչ եք մտածում Եվրոպայի 2016 թ. առաջնության մասին:
- Եվրոպայի առաջնությունում նախկին 16-ի փոխարեն այս անգամ հանդես կգան 24 հավաքականներ: Դա ավելացնում է մեր հնարավորությունները: Մենք ունենք ուժեղ ընտրանի, ուստի կարող ենք հավակնել ուղեգրերից մեկին:

- Շփվո՞մ ես Հենրիխ Մխիթարյանի հետ: Ի՞նչ է պատմում «Բորուսիայի» մասին:
- Հենրիխը շատ գոհ է: Իհարկե, շփվում ենք: Նա շատ է պատմում «Բորուսիայի» և հատկապես գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ով հիանալի հարաբերությունների մեջ է ֆուտբոլիստների հետ:

- Կպատմե՞ս ընտանիքիդ մասին:
- Իմ նախնիները ծնվել են Տիգրանակերտում, հետո տեղափոխվել են Ստամբուլ, որտեղ էլ ծնվել եմ ես: Հայրս ինձ շատ պատմություններ է պատմել, որոնք իրեն են պատմել իր հայրն ու պապիկը, բայց ես չեմ ցանկանում խոսել այդ մասին:

- Եղե՞լ ես Էջմիածնում:
- Ծնողներս են եղել: Ցավոք, երբ Հայաստանում եմ, ժամանակ չեմ ունենում այցելել նման վայրեր: Հիմնականում լինում եմ միայն Երևանում:

- Մոսկվայում հարմա՞ր է:
- Այո, շատ: Մոսկվան շատ է տարբերվում Կրասնոդարից:

- Ինչպե՞ս ես սովորաբար հասնում Տարասովկա:
- Մեքենայով: Երբեմն գնում ենք Յուրայի հետ: Ղեկին նա է լինում, քանզի գիտի ինչպես շրջանցել ցանկացած խցանում:

- Մոսկվայում ավելի շա՞տ ես շփվում Մովսիսյանի հետ:
- Իհարկե, նա իմ մեծ եղբայրն է: Օգնել է ինձ ինչպես «Սպարտակում», այնպես էլ «Կուբանում»: Յուրան այն ժամանակ հանդես էր հալիս «Կրասնոդարում»` Մարկոսի հետ միասին:

- Փաստորեն, այդ ժամանակ «Յուրայի» հետ մրցակիցներ էիք:
- Այո: Այդ մրցակցությունում «Կուբանը» միշտ էլ լավագույնն էր:

- Յուրային ասե՞լ ես այդ մասին:
- Ես նրան պարզապես խորհուրդ եմ տվել ավելի հաճախ ուսումնասիրել մրցաշարային աղյուսակը (ժպտում է):

- Մովսիսյանն ասում է, որ Մակգիդիին հաճախ դժվար է հասկանալը:
- Այո, քանի որ նա խոսում է ոչ թե անգլերեն, այլ բրիտաներեն: Հաճախ ինձանից ևս պահանջվում է ժամանակ` նրան հասկանալու համար:

- Իսկ քեզ մոտ ռուսերենն ինչպե՞ս է ստացվում:
- Յուրան ավելի լավ է խոսում, բայց ես էլ վատը չեմ: Քիչ եմ խոսում, բայց շատ բան եմ հասկանում:
 

Օզբիլիս. «Հպարտ եմ, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը»