.jpg)
Ռոհանի. Հայերի «լոբբին» կարող է մեծ դեր ունենալ արտաքին քաղաքականության մեջ
Մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների միջև որևէ տարբերություն գոյություն չունի: Այդ մասին, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Մեջլիսի կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորաների հետ ունեցած հանդիպման ժամանակ, մասնավորապես հայտարարել է. «Իրանի ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ առկա խնդիրները կլուծվեն: Այդ գործում մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների միջև որևէ տարբերություն գոյություն չունի. Ավելին, նրանց լոբբին, ինչպես հայերինն է, կարող է արտաքին հարաբերություններում ազդեցիկ լինել»:
Նկատենք, որ Իրանում չկան ազգային փոքրամասնություններ, այստեղ բոլորը համարվում են իրանցիներ: ԻԻՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի կրոնական փոքրամասնությունները հայերը, հրեաները և զրադաշտներն են, որոնք Մեջլիսում ներկայացված են իրենց պատգամավորներով, ունեն իրենց եկեղեցին, դպրոցները, մշակութային օջախները, մամուլը և այլն: