.jpg)
ՀՀ ԶՈՒ տեխնիկ. Օդաչու ընկերդ քեզ է վստահում, դու` վերանորոգած ինքնաթիռիդ
Մասնագիտությունը` Զինվոր. 25-ամյա ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյան. ՀՀ ԶՈՒ ինքնաթիռային օղակի տեխնիկ
Օդային դարպասներն ամրացնողը
Տիգրանին հանդիպեցի «Արզնի» օդանավակայանում` ՀՀ ԶՈւ Հետախուզի օրվան նվիրված ցուցադրական միջոցառման ժամանակ: Տոնական համազգեստով, ծառայակիցների հետ հետևում էր պայմանական մարտական առաջադրանքների կատարմանը: Միջոցառումը դեռ շարունակվում էր, երբ ավագ լեյտենանտը շտապեց իր ամենասիրելի վայրերից մեկը, ուր տոնական համազգեստին փոխարինեց աշխատանքային հագուստն ու գործի դրվեց տարատեսակ գործիքներով լի արկղը:
Ինքնաթիռը, որի տեխնիկական անվտանգության համար պատասխանատու է Տիգրանը, հաջորդ օրն առաջին անգամ փորձարկելու են, այնպես որ` տոնը տոն, բայց աշխատել է պետք:

Ինքնաթիռի թևի տակ` պատասխանատվության ու ընկերության մասին. «Ընկերդ քեզ է վստահում, դու` քո վերանորոգած ինքնաթիռին: Այդ վստահությունը չպիտի կոտրվի երբեք...»
«Տիկո', հիշի՝ վաղն էս զապուսկն ա»,- ավագ լեյտենանտ Ավետիսյանին է դիմում տարիքով ինժեներներից մեկն ու ցույց տալիս կարմիր-սպիտակ ինքնաթիռը.
«Այնպես որ, եթե կարելի է, ես աշխատեմ ու դրան զուգահեռ զրուցենք»,- ասում է Տիգրանն ու բացելով գործիքներով լի արկղը տեղավորվում է ինքնաթիռի թևի տակ:
Առանց ժամանակ կորցնելու հետևում եմ նրան.
«Ասեմ, որ այս պահին վերանորոգում ենք «Յակ-52» սպորտային ինքնաթիռը, որով կուրսանտները կատարում են իրենց առաջին թռիչքները»,- բացատրում է Տիգրանը:
Հետաքրքրվում եմ, արդյոք մեծ պատասխանատվություն չէ՞ տեխնիկապես ապահովել այն ինքնաթիռը, որով սկսնակ օդաչուներն առաջին անգամ թռնելու են:
«Շատ, շատ մեծ պատասխանատվություն է: Անկեղծ որ ասեմ, սա առաջին ինքնաթիռն է, որը զրոյից ես եմ վերանորոգել: Նախկինում միշտ մասնակցել եմ աշխատանքներին ու անգամ, եթե մի թեթև գործ եմ արել օդ բարձրացող ինքնաթիռի վրա, մինչև դրա իջնելն ուղղակի տեղս չեմ գտել անհանգստությունից: Դա, կարծում եմ, ժամանակի հարց է: Փորձս որ ավելանա` կանցնի ու ավելի վստահ կլինեմ: Իսկ մինչ այդ` սպասեմ իրա օդ բարձրանալուն»,- ասում է Տիգրանն ու ժպտալով նայում ինքնաթիռին.
«Գիտե՞ս, էս իմ «Յակը» շատ տարբեր զգացողություններ է առաջացնում իմ մեջ: Հոգատարություն կա` ոնց որ էրեխես լինի: Համ շատ-շատ եմ սիրում իրեն, համ էլ` մի տեսակ վախենում եմ իրենից: Որ հանկարծ վստահությունս չկոտրի...»,- խոստովանում է Տիգրանն ու ավելացնում.
«Ամենահետաքրքիրն այն է, որ տեխնիկներն ու օդաչուները միշտ լավ ընկերներ են լինում: Օրինակ՝ իմ ամենալավ ընկերն էլ օդաչու է, ինձ հետ է ծառայում ու մենք միշտ միասին ենք` միասին ծառայում ենք, միասին խնդիրներ ստեղծում ու լուծում, անգամ հանգստանալու ենք միասին մեկնում ու ահա այս դեպքում ևս, քո պատասխանատվությունը չափից դուրս մեծ է: Գիտես` ինչ տեխնիկական վիճակի բերես ինքնաթիռը, դրանով էլ ընկերդ օդ է բարձրանալու: Ընկերդ քեզ է վստահում, դու` քո վերանորոգած ինքնաթիռին, ու այդ վստահությունը չպիտի կոտրվի երբեք...»

«Տանն ասացին` ոչ մի Տվեր: Էնտեղ կգնաս մի Նատաշայի խելքին կընկնես. մնա Հայաստանում սովորի»
Տիգրան Ավետիսյանը մոտ չորս տարի է՝ Զինված ուժերում է: Մինչ այդ սովորել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանում և ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտում:
«Երբ վարժարանից հետո պիտի շարունակեի ուսումս, մտածում էի` Ռուսաստան՝ Տվեր մեկնեմ: Մի տեսակ փոփոխություն էի ուզում ու դուրս գնալը լավ հնարավորություն կլիներ: Տվերում Հակաօդային պաշտպանությունում կհմտանայի, բայց` չգնացի»,- պատմում է Տիգրանն ու ժպտալով բացատրում.
«Հիմնականում, ընտանիքս դեմ եղավ Ռուսաստան մեկնելուս: Տանն ասեցին`ոչ մի Տվեր: Էնտեղ կգնաս մի Նատաշայի խելքին կընկնես ու էլ հետ չես գա: Արդյունքում՝ մնացի Հայաստանում»:

«Ուղղաթիռ վերանորոգելն ինքնաթիռից բարդ է: Ոնց որ հեծանիվն ու մոտոցիկլետը համեմատես»
Ուսման ընթացքում Տիգրան հմտանում է ուղղաթիռների տեխնիկական սպասարկման մեջ. «Հետո, երբ եկա այս զորամաս, ուղղությունս փոխեցի: Ինքնաթիռներով զբաղվում եմ կես տարի: Այստեղի ինժեներները շատ օգնեցին, որ սովորեմ ինքնաթիռի նրբությունները»,- ասում է ավագ լեյտենանտն ու խոստովանում` սեփական փորձից դատելով ուղղաթիռ նորոգելն ինքնաթիռից շատ ավելի դժվար է.
«Ուղղաթիռն ավելի բարդ տեխնիկա է: Բարդությամբ ոնց որ հեծանիվն ու մոտոցիկլետն իրար հետ համեմատես: Այնպես որ, գրեթե լիովին վարժվել եմ փոփոխությանը, իսկ երբ մի բան չի ստացվում այստեղ ավելի փորձարու մասնագետները միշտ օգնում են»,- ասում է Տիգրանն ու ծիծաղելով դիմում ոչ հեռու կանգնած ինժեներներից մեկին.
«Խոսալով ընկանք, արի տես, ոնց որ ռադիատորը շատ եմ ձգել»:

«Ես էլ կուզեի ինքնաթիռի յուղից կեղտոտ հագուստի փոխարեն` կոստյումով կաբինետում նստած լինեի, բայց այս գործն այնպիսի զգացողություններ է տալիս, որ ոչ մի ուրիշ տեղ չես ունենա»
«Հիմա մենք բոլորս ստեղ երկու կյանքով ենք ապրում: Մեկը դարպասներից ներս է, մյուսն այնտեղ` դարպասի հետևում»,- ասում է Տիգարն Ավետիսյանը, երբ հարցնում եմ զինվորական կյանքի ամենամեծ բարդության մասին.
«Այ դա է ամենաբարդը: Երկու զուգահեռ կյանքով ենք ապրում: Նախ օրվա մեծ մասն այստեղ ենք, հատկապես` ձմռանը. գալիս ենք` մութ, գնում ենք` մութ: Հետո տեսար` տոնական կոստյումը շատ արագ փոխվեց ինքնաթիռի յուղից կեղտոտ աշխատանքային հագուստով: Մեկ-մեկ մտածում եմ, որ ես էլ կուզենայի սեփական կաբինետով, կոստյումով ու քարտուղարուհիով գործ ունենայի, բայց հետո հասկանում եմ, որ այս գործն իր պլյուսներն ունի»,- ասում է ավագ լեյտենանտն ու բացատրում.
«Նախ գործը հետաքրքիր է ու ամեն տեղ, ուր ասում եմ մասնագիտությանս մասին, միանգամից սկսում են հարցուփորձ անել, հետաքրքրվել: Զարմանում են, որ պարաշյուտով ու ինքնաթիռով թռել եմ: Բացի այդ` մի շատ մեծ պլյուս կա, եթե կաբինետում գործ անող պաշտոնյա լինեի, երբեք չէի զգա այն, ինչ զգում եմ, երբ ինքնաթիռը, որի վրա աշխատել եմ, օդ է բարձրանում ու բարեհաջող իջնում ներքև: Երբ վստահ եմ իմ արած գործի վրա ու երբ համոզված եմ` օդաչու ընկերներիս ոչինչ չի լինի, որովհետև ինքնաթիռը կատարյալ տեխնիկական վիճակի եմ բերել…»

Նախորդող հրապարակումներ՝ ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում
ՀՀ ԶՈՒ «նվագախմբի տղաները». Մեր թմբուկով զինվորներին դիրք ենք ճանապարհում
Մասնագիտությունը` զինվոր. Մայոր Համբարձումյան. Աշխարհի ամենահզոր մարդը
ՀՀ ԶՈՒ հրետանավոր. Մարդկանց մի խնդրանք ունեմ` միշտ վստահեք հայ զինվորին
Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում
ԶՈՒ պարաշյուտիստներ. Մի թռիչքն անգամ, հզոր հարված է «պուզատիյ» համակարգին
ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ. Ընտանիքս ստորագրել է ինձ հավերժ սպասելու տակ