Անկարան և Բաքուն փորձում են աքցանների մեջ վերցնել Հայաստանը և ԼՂՀ-ը
13/11/2013 19:07

Անկարան և Բաքուն փորձում են աքցանների մեջ վերցնել Հայաստանը և ԼՂՀ-ը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցը կատարեց Թուրքիա:

Ադրբեջանի նախագահը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ՝քննարկելով քաղաքական, առևտրա-տնտեսական և երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցեր՝ կրկին անգամ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները գնահատելով որպես եղբայրական, դաշնակցային և ամենասերտ հարաբերությունները, որոնք կարող են լինել երկրների միջև:

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը պետք է նշել, որ այդ հարաբերությունների ամենակարևոր սլաքը ուղղված է հայկական պետականությունների՝ Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ: Այսպես, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությունը Հարավային Կովկասում կայանում է առաջին հերթին հայկական պետականությունների՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի մեկուսացման, տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելու և Հայաստանի ու ԼՂՀ-ի սահմանների երկայնքով թուրքական գործոնի ուժեղացման մեջ:

Այդ ռազմավարության մեջ է տեղավորվում էներգետիկ, տրանսպորտային նախագծերի իրականացումը՝ Վրաստանի տարածքով շրջանցելով ավելի կարճ ճանապարհը, որը կարող էր անցնել Հայաստանի տարածքով:

Էներգետիկ նախագծերից շուտով թուրք-ադրբեջանական տանդեմն կսկսի սպասարկել ТАNАP նախագիծը, որը պետք է ադրբեջանական կասպյան ավազանի գազը արտահանի Թուրքիայի տարածքով դեպի ԵՄ: Այդ նախագծին հավանություն է տվել նաև Արևմուտքը, քանի որ այն հնարավորություն է տալիս ամրապնդվել կասպյան-կենտրոնական ասիական էներգակիրներով հարուստ ավազանում և իրականացնել նավթագազային նախագծեր, որոնք կշրջանցեն Ռուսաստանի տարածքը և կնվազեցնեն Մոսկվայի ազդեցությունը Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի վրա:

Մեկ այլ նախագիծ՝ Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը նույնպես միտված է Հայաստանը մեկուսացնելուն, քանի որ միլիարդավոր գումարներ են ծախսվում նոր երկաթուղի կառուցելու համար՝ փոխարենը կարող էր օգտագործվել Կարս-Գյումրի երկաթգիծը, ինչի մասին մի քանի տարի առաջ ակտիվորեն խոսվում էր:

Ադրբեջանը բազմամիլիոնանոց վարկ է տրամադրել Վրաստանին՝Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը իրականացնելու համար, այսինքն, այդ նախագծին տալով առաջին հերթին աշխարհաքաղաքական նպատակ: 2007թ.-ին Ադրբեջանը երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար հատկացրել էր 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ՝տարեկան 1% տոկոսադրուքով: 2011թ.-ին Բաքուն ճանապարհի շինարարական աշխատանքների շարունակման համար հատկասցրեց ևս 575 միլիոն դոլար վարկ:

Երկաթգծի շինարարությունը նշանակում է նաև, որ հայ-թուրքական սահմանի բացում միջնաժամկետ հեռանկարում սպասել պետք չէ: Չմոռանանք, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումը շաղկապում է Ղարաբաղում ադրբեջանամետ զիջումների հետ, ինչը անընդունելի է հայկական կողմերի համար և ինչի մասին բազմաթիվ անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ մի կապ չունի հայ-թուրքական գործընթացի հետ, որը տապալվեց թուրքական կողմի ապակառուցողական դիրքորոշման և երկու տարբեր գործընթացները միմյանցով պայմանավորելու պատճառով:

Թուրք-ադրբեջանական տանդեմը չի սահմանափակվում միայն Հայաստանի և ԼՂՀ-ի շրջափակմամբ, այլև ձգտում է ուժեղացնել թուրքական գործոնը Հայաստանի հարևան երկրներում՝Վրաստանում և Իրանում՝թուլացնելով և նվազեցնելով հայկական գործոնի ազդեցությունը: Այպես, թուրք-ադրբեջանական տանդեմը բազմամիլիոնանոց ներդրումներ է իրականացնում Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում, Աջարիայում, որտեղ թուրքական ազդեցության, ներկայության ընդլայնման՝թուրքական տնտեսական էքսպանսիայի դեմ ցույցեր են տեղի ունեցել:

Ցույցերը կապված էին հատկապես Աջարիայում թուրքական մզկիթների վերականգնման նախագծերի հետ: Ադրբեջանը իր հերթին, էժան գազ է մատակարարում Վրաստանին և դրանով էներգետիկ որոշակի լծակներ է ձեռք բերում այդ երկրի նկատմամբ: Ադրբեջանական SOCАR ընկերությունը նախորդ տարի ճանաչվել էր Վրաստանի թիվ մեկ հարկատու, ինչը շատ բաների մասին է խոսում:

Բացի այդ, թուրք-ադրբեջանական լոբբին Վրաստանում ակտիվ առաջ է քաշում մեսխեթցի թուրքերի Սամցխե-Ջավախք վերադառնալու ծրագիրը, ինչը իրականանալու դեպքում, կփոխի հայաբնակ Ջավախքի էթնիկ-կրոնական դեմքը հօգուտ թուրքերի և կնվազեցնի հայկական գործոնը այդ տարածաշրջանում:

Ինչ վերաբերվում է Հայաստանի մեկ այլ հարևանին՝ Իրանին, ապա Ադրբեջանը տասնամյակներ շարունակ անհիմն տարածքային պահանջներ է ներկայացնում Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ՝դրանք փորձելով ներկայացնել որպես Հարավային Ադրբեջան:

Ադրբեջանը փորձում է այդ շրջանների բնակչության շրջանում տարածել պանթուրքիստական, անջատողական տրամադրություններ, ինչը չի վրիպում իրանական կողմից ուշադրությունից և համարժեք գնահատականների է արժանանում: Այսինք,Ադրբեջանը Իրանի տարածքների հաշվին երազում է ստեղծել այսպես կոչված Մեծ Ադրբեջան, որը կմիավորի Ադրբեջանի այսօրվա տարածքը և Իրանի հյուսիսային շրջանները, դրանով Հայաստանը թուրքական աքցանների մեջ ներառելով և շրջափակելով նաև հարավային ճակատից:

Պետք է նշել, որ Աբդուլահ Գյուլը և Իլհամ Ալիևը համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել են նաև երկրների քաղաքական համագործակցութանը: Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական երկկողմ պայմանագրերով կապված լինելուց բացի հանդիսանում են նաև տարբեր միջազգային կազմակեպությունների անդամների, այդ թվում՝ TurkPa-ի անդամներ: Թուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի` TurkPa-ի մեջ են մտնում 4 երկրներ`Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Պաշտոնապես այդ կազմակերպության նպատակն է թուրքախոս երկրների միջև հարաբերությունների խորացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

TurkPa-ի մեջ առաջնային դիրք է զբաղեցնում Թուրքիան, որը ԽՍՀՄ փլուզումից հետո փորձում է վերականգնել իր ազդեցությունը թուրքախոս պետություններում, օգտագործելով թուրքախոս երկրների հետ ընդհանուր լեզվի, կրոնի, ծագման ընդհանրությունները:

Այսինքն համագործացության առանցքում են դրվում նաև պանթուրքիստական տարրեր: Իլհամ Ալիևը Գյուլի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրենց միավորում է պատմությունը, էթնիկ արմատները և ընդհանուր մշակույթը:

Այսպիսով, թուրք-ադրբեջանական հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես համատեղ ռազմա-քաղաքական, առևտրա-տնտեսական շահերը Հարավային Կովկասում, այնպես էլ հարաբերությունների առանցքում է գտնվում նաև հակահայկականությունը՝բոլոր մակարդակներով:

Թուրքիան և Ադրբեջանը իրենց տարածքներում իրականացրել են հայերի ցեղասպանություն, էթնիկ զտումներ, ոչնչացրել և յուրացրել հայկական պատմամշակությային ժառանգությունը, պատմական հայկական հողերը և այսօր համատեղ դիվանագիտական-քարոզչական ակտիվ աշխատանքներ են իրականացնում միջազգային հարթակներում վերոնշյալը հերքելու, պատմությունը խեղաթյուրելու համար՝հայերից ձևավորելով արտաքին թշնամու կերպար և հայկական Սփյուռքի դեմ պայքարը համարելով արտաքին քաղաքականության կարևոր ուղենիշներից մեկը:
 

Անկարան և Բաքուն փորձում են աքցանների մեջ վերցնել Հայաստանը և ԼՂՀ-ը