Վարչապետի սենսացիոն հայտարարությունը՝ Մաքսային միության հետ կապված
13/11/2013 18:50

Վարչապետի սենսացիոն հայտարարությունը՝ Մաքսային միության հետ կապված

«Հայաստանի ո՞ր հայտարությունն է համարվելու Մաքսային միությանը հակասող և ո՞րն է այդ Մաքսային միության շահը»,- նման հարց ուղղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը մեջբերեց Սերժ Սարգսյանի կողմից Մինսկում ստորագրված փաստաթղթում նշված հետևյալ տողերը. «Չանե'լ Մաքսային միության շահերին հակասող հայտարարություն»։

Ն. Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ո՞վ և ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանի որ հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին. «Չէ՞ որ Ռուսաստանը մեկ շահ ունի, Բելառուսը՝ մեկ շահ, Ղազախստանը՝ մեկ այլ շահ»:

Պատգամավորը մեջբերեց նաև Ղազախստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարույթունը՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ.

«Ղարաբաղյան խնդիրն Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնամխելիության հիման վրա կայունության և տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից է»։

«Եթե Հայաստանն այս հարցի առնչությամբ անի որևէ հայտարարություն, ուրեմն Մաքսային միության շահերի դեմ որևէ հայտարարությո՞ւն է անում»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան վարչապետն ասաց, որ ՀՀ իշխանության բոլոր մարմիններն ազատ են անել այնպիսի հայտարարություններ, որոնք նպատակահարմար են գտնում՝ այն իրավասությունների ներքո, որ սահմանված է Սահմանադրությամբ։

«Հայաստանի քաղաքական դիրքորոշումն այն է, որ մենք պետք է մոտակա ժամանակահատվածում ձեռնարկենք այնպիսի միջոցառումներ, որոնք մեզ հնարավորություն կտան դառնալ Մաքսային միության լիարժեք անդամ և մեր հարաբերությունները Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ այդ հունով տանենք»,- ասաց Տ. Սարգսյանը:

Ն․Զոհրաբյանը հայտարարեց, որ չստացավ իր հարցի պատասխանը, իսկ վարչապետը հարցրեց, թե նման հայտարարություն ո՞ր փաստաթղթում է առկա։ ԲՀԿ պատգամավորը կրկին հիշեցրեց Մինսկում Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթուղթը։

Ի պատասխան Տ. Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե կծանոթանա այդ ամբողջական փաստաթղթի հետ, որի վրա հղում է կատարում պատգամավորը.

«Կտամ ձեզ լրացուցիչ պարազբանումներ, բայց կարծում եմ, որ քաղաքական հայտարարություններով չէ, որ որոշվում են ՀՀ տարբեր ճյուղերի լիազորությունները, ուստի որևէ մեկը չի կարող մեզ կաշկանդել մեր հայտարարություններում»,- եզրափակեց խոսքը վարչապետ Տ. Սարգսյանը:

Վարչապետի սենսացիոն հայտարարությունը՝ Մաքսային միության հետ կապված