.jpg)
Թայսոնը խոստովանել է, որ մենամարտերից առաջ թմրանյութ է օգտագործել
Ամերիկացի նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը վերջերս հրապարակված «Անհերքելի ճշմարտություն» ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ երիտասարդ հասակում բոլոր մենամարտերից առաջ օգտագործել է ուժեղ թմրանյութեր: Այս մասին տեղեկացնում է «O Bola»-ն:
Թայսոնը պատմել է, որ առաջին անգամ կոկաին է օգտագործել 11 տարեկանում, իսկ ալկոհոլ` ավելի վաղ հասակում: Մասնավորապես, 1987-1990 թթ. աշխարհի բացարձակ չեմպիոնը նշել է, որ 2004 թ. կայացած բրիտանացի Դաննի Ուիլյամսի հետ մենամարտում, որում ինքը պարտություն էր կրել, ևս գտնվել է թմրանյութի ազգեցության տակ:
Թայսոնն ընդգծել է, որ 2002 թ. Լյուիսի հետ մարտից առաջ կայացած մամուլի ասուլիսում, երբ կծել էր մրցակցի ոտքը, դա եղել է կրկին կոկաինի ազդեցության արդյունքը: Իսկ ահա 1997 թ. Հոլիֆիլդի ականջը կծելու հայտնի դրվագը նա բացատրել է այն հանգամանքով, որ Էվանդերը մշտապես մենամարտի ժամանակ կատարում էր գլխով անթույլատրելի հարված, ինչը նյարդայնացրել է իրեն:
Միևնույն ժամանակ, բռնցքամարտիկը ժխտում է, որ մեղավոր է Դեզիրե Վաշինգտոնի բռնաբարության հարցում, ինչի պատճառով նա 6 տարի ստիպված էր անցկացնել ճաղերի հետևում: