Տարածաշրջանային բլոգ. Սիրիական ընդդիմությունը՝ «Ժնև-2»-ին ընդառաջ
14/11/2013 21:08

Տարածաշրջանային բլոգ. Սիրիական ընդդիմությունը՝ «Ժնև-2»-ին ընդառաջ

Արտասիրիական ընդդիմությունը՝ մասնավորապես Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան (ՍԸՀՈՒԱԿ) և կառույցի արտաքին հովանավորներն ամենայն լրջությամբ նախապատրաստվում են սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը նվիրված «Ժնև-2» համաժողովին: Առավել կայացած կառույցի կարգավիճակ ձեռք բերելու, երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներին մասնակից լինելու վերաբերյալ տպավորություններ ստեղծելու նպատակով կառույցն ձգտում է անցնել միջազգային ճանաչման ճանապարհով. այդ նպատակով ներքին զինված հակամարտությունների ցանկացած մասնակցի համար, որպես առաջնաքայլ, ենթադրվում է սեփական վերահսկողության տիրույթում գտնվող տարածքներում կառավարման համակարգի և համապատասխան մարմինների ձևավորումը: Տվյալ դեպքում, խոսքը վերաբերում է օրերս Անկարայում «ՍԸՀՈՒԱԿ»-ի կողմից կազմավորված անցումային կառավարությանը, որն առնվազն պատրանք պետք է ստեղծի «ընդդիմության» վերահսկողության ներքո գտնվող որոշ շրջաններում կառավարումն իրականացնելու հարցում, քանի որ իրականում վերոնշյալ տարածքներն գտնվում են հիմնականում առանձին խմբավորումների ազդեցության ներքո, որոնք «ազատագրել» են դրանք վարչակարգային ուժերից և չեն լիազորում կոալիցիային՝ որպես իրենց շահերի ներկայացուցիչ: Ի հավաստում սրա՝ բավական է այն իրողությունը, որ ժամանակավոր կառույցը, իբր անվտանգության նկատառումներով, գործելու է Թուրքիայի տարածքից:

Ըստ էության, անցումային կառավարություն ձևավորելուն միտված գործելաոճ սիրիական ընդդիմադիր կոալիցիան որդեգրել էր շատ ավելի վաղ: Դեռևս մարտին կառույցը վարչապետ էր ընտրել ազգությամբ քուրդ Ղասան Հիթուին. նրա գործառույթները շրջանակում էին ժամանակավոր կառավարության ձևավորումը, և դարձյալ՝ «ազատագրված տարածքների» կառավարումը, սակայն հետագա մի քանի ամիսների ընթացքում որևէ էական արդյունք չարձանագրելուց հետո, ի վերջո Հիթուն հրաժարական ներկայացրեց:

Հուլիսին «ՍԸՀՈՒԱԿ»-ի նոր ղեկավարության ընտրությունից, մասնավորապես՝ Ահմադ Ասի ալ Ջարբայի կողմից կառույցի ղեկն ստանձնելուց հետո սիրիական ազգային կոալիցիայի գործունեության մեջ որոշ բարելավումներ նկատվեցին: Արտասիրիական ընդդիմության առաջնորդը նույնիսկ մի քանի անգամ այցելել է հակակառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, նախաձեռնել նոր ռազմական խմբավորումների կազմակերպման աշխատանքներ, առավել ակտիվացրել Սիրիական ազատ բանակի համար սպառազինություն ձեռք բերելու քայլերը, և որ ամենաէականն է՝ ծավալել բավականին ակտիվ արտաքին քաղաքական գործունեություն:

Այդուհանդերձ, կառույցի հիմնական գործառույթներն ուղղված են հենց Սիրիայի տարածքից դուրս՝ հատկապես դիվանագիտական հարթակում: Եվ այն բանից հետո, երբ ս.թ. սեպտեմբերի վերջից կրկին արդիականացան գործընթացները «Ժնև-2»-ի կազմակերպման շուրջ, որի նպատակն է լինելու Սիրիայում անցումային շրջանի վերաբերյալ պայմանավորվածությունների ամրագրումը, ակտիվացավ նաև կոալիցիայի գործունեությունը. հերթական անգամ առիթ ստեղծվեց մանևրելու, միջազգային ասպարեզում խաղալու:

Համաժողովին մասնակցության վերաբերյալ մի քանի անգամ իրարամերժ հայտարարություններից, վերջնագրային բնույթի տարբեր պահանջներից ու նախապայմաններից հետո, ազգային կոալիցիան ի վերջո՝ նոյեմբերի 9-10-ին Ստամբուլում տեղի ունեցած հերթական համաժողովից հետո, հայտարարեց՝ միջազգային հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին:

Իհարկե, կառույցի դիրքորոշման հստակեցումը կարելի է բացատրել մի քանի հանգամանքով՝ նախ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներից ընդհանրապես դուրս մնալու իրական մտավախությամբ, ինչպես նաև հատկապես արևմտյան հովանավորների կողմից անընդհատ աճող ճնշման պարագայով: Ստեղծված իրավիճակում, առնվազն լուսանցքում հայտնված այլ ընդդիմադիր կառույցների ճակատագրին չարժանանալու համար՝ «ՍԸՀՈՒԱԿ»-ը հրաժարվեց նախկին ոչ կառուցողական գործելաոճից:

Միջազգային համաժողովին նախապատրաստվելուն միտված առաջնահերթ քայլը պետք է լիներ՝ սեփական կառավարության կազմավորմանը նվիրված աշխատանքների ակտիվացումը, քանի որ նոր վարչապետն ընտրվել էր դեռևս սեպտեմբերի 14-ին՝ ի դեմս նախկին քաղբանտարկյալ Ահմադ Սալիհ Տաամայի: Հետևաբար, ժամանակավոր այս կառույցի ձևավորումն ուղղակի օբյեկտիվ անհրաժեշտություն էր դառնում՝ պայմանավորված մի կողմից որպես զինված հակամարտության իրավասու ներկայացուցիչ, այսինքն՝ իբրև սիրիական ժողովրդի անունից հանդես գալու ընդունակ կայացած կառույց համաժողվին մասնակցելու և, որպես տրամաբանական շարունակություն, Ժնևում ակնկալվող սակարկություններից անցումային Սիրիայում առավելագույն պաշտոնների հավակնելու հնարավորություններով:

Արդարության առջև չմեղանչելու համար պետք է նշել, որ «ՍԸՀՈՒԱԿ»-ի բնույթի կառույցներում, որոնք ստեղծվում են արհեստականորեն՝ հիմնականում արտաքին ուժերի նախաձեռնությամբ, և առաջին հերթին ամփոփում են հենց վերոնշյալ ուժերի շահերն, այսինքն առկա է լուրջ և հիմնավորված գաղափարական հենքի ու երկրի ապագայի վերաբերյալ իրական տեսլականի բացակայություն, և միակ նպատակն, ըստ էության, համարվում է Սիրիայում գործող վարչակարգի տապալումն, անգամ ձևական պաշտոնների բաժանման հարցում կառույցում համախմբված երբեմն անհամատեղելի անձանց ընդհանուր հայտարարի բերելը չափազանց բարդ երևույթ է: Նշվածը հավաստում է այն իրողությունը, որ տևական թեժ բանակցություններից հետո արտասիրիական ընդդիմադիրներին հաջողվեց հաստատել վարչապետի կողմից ներկայացված ժամանակավոր կառավարության 12 նախարարներից ընդամենը 9-ի թեկնածությունը… իսկ գուցե ընդդիմադիր կոալիցիան ժողովրդավարությու՞ն է խաղում:
 

Տարածաշրջանային բլոգ. Սիրիական ընդդիմությունը՝ «Ժնև-2»-ին ընդառաջ