.jpg)
Հայաստանը ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխանցեց Ավստրիային
Այսօր Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստ, որը վերջինն էր Հայաստանի նախագահությամբ։ Նախարարների կոմիտեի նիստը վարեց Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Aysor.am-ի թղթակիցը։
Էդվարդ Նալբանդյանը Նախարարների կոմիտեին ներկայացրեց ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության 6-ամսյա ժամանակահատվածում կատարված աշխատանքը։
Նախարարն իր խոսքում նշեց, որ ԵԽ նախագահությունը Հայաստանի համար եղավ և՛ հնարավորություն, և՛ մարտահրավեր, և՛ պատասխանատվություն։
«Վերջին 6 ամիսներին Հայաստանը դարձավ համընդհանուր Եվրոպական ժողովրդավարական գործընթացների առաջատարը։ Այսօր կարող եմ ասել, որ մենք մեր առաքելությունը կատարեցինք։ Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի ունենայինք ՀՀ նախագահության արդյունավետ օրակարգ։Մեր նախագահության ընթացքում մենք սերտ համագործակցեցինք Եվրոպայի խորհրդի կանոնադրական բոլոր մարմինների հետ։Ակտիվ համագործակցություն ծավալվեց Գլխավոր քարտուղարի, ԵԽԽՎ-ի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Էդվարդ Նալբանդյանը կարևորեց հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Եվրոպայի խորհուրդ, Նախագահի հանդիպումները ԵԽ ղեկավարության հետ, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթը։
ԱԳ նախարարը ներկայացրեց այն միջոցառումները, որոնք անցկացվել են Երևանում և Ստրասբուրգում՝ ԵԽ-ում ՀՀ-ի նախագահության ժամանակ։
Էդվարդ Նալբանդյանի ելույթից հետո ԵԽ անդամ երկրների դեսպանները շնորհակալություն հայտնեցին Հայաստանին՝ արդյունավետ նախագահության համար։ ՀՀ նախագահությանը շնորհակալական խոսք ասացին Ռուսաստանի, Գերմանիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Անդորրայի դեսպանները՝ կարևորելով հատկապես ՀՀ իրականացրած միջոցառումները՝ ուղղված ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարում։
Էդվարդ Նալբանդյանն ավարտեց ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը և այն փոխանցեց Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերին։ Այսօրվանից Ավստրիան դարձավ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահողը։
Կոմիտեի նիստի ավարտից հետո Ավստրիայի նախագահության մեկնարկը տրվեց Մոցարտի ստեղծագործության կատարումով։
ԵԽ գլխավոր քարտուղարը, ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները Եվրոպայի խորհրդի նստավայրից Ավստրիայի նախագահության լոգոյով զարդարված տրամվայով ուղևորվեցին դեպի Ստրասբուրգի Բրոգլի հրապարակ, որտեղ տեղի ունեցավ ՀՀ դրոշի իջեցման և Ավստրիայի դրոշի բարձրացման արարողությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահությունը մեկնարկել է 2013թ․-ի մայիսի 16-ին՝ 6-ամսյա ժամկետով, որը ԵԽ-ում ՀՀ առաջին նախագահությունն էր՝ 2001թ․-ին ԵԽ-ին անդամակցելուց հետո։