Բուժհիմնարկներում կտեղադրվեն  նախարարին ուղղված հարցերի արկղեր
14/11/2013 18:36

Բուժհիմնարկներում կտեղադրվեն նախարարին ուղղված հարցերի արկղեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր տեղի է ունեցել համակարգում ֆինանսական միջոցներն առավել նպատակային ծախսելու, ինչպես նաև ոլորտում առկա բացթողումների և անառողջ երևույթների դեմ պայքարին ուղղված աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Ներկայացվել են նախարարի հանձնարարությամբ վերլուծությունների հիման վրա մշակված ծրագրային առաջարկություները` ֆինանսական միջոցների արդյունավետ և թափանցիկ ծախսման, վերահսկման գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ։

Ոլորտում գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով խոշոր բժշկական կենտրոնների հասարակայնության հետ կապերի պատասխանատուներն այսուհետև առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն իրենց պաշտոնական կայքէջերին, որտեղ պարտադիր կարգով պետք է զետեղված լինի տեղեկատվություն հիվանդների ամենօրյա շարժի, մատուցվող ծառայությունների և այլ հարցերի վերաբերյալ:

«Կան տարբեր խնդիրներ, որոնց լուծումներն առաջնային են և պետք է հստակ կարգավորվեն մինչև տարեվերջ: Անհրաժեշտ է հստակեցնել համավճարի ինստիտուտի ընդլայնման հարցը, մշտական ուշադրության կենտրոնում պահել չհիմնավորված ուղեգրումների խնդիրը, որի կանոնակարգման համար անհրաժեշտ է մշակել առանձին չափորոշիչներ»,-շեշտել է Դերենիկ Դումանյանը` հավելելով որակի վերահսկման առանձին մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

Նախարարը կարևորել է բժշկական կազմակերպությունների վարկանիշային աստիճանի մշակման հարցը` նշելով, որ առանձին չափորոշիչով պետք է սահմանել բժշկական հիմնարկի որակավորման հարցը, որը հնարավորություն կտա հստակ ուրվագծել լավագույն հիմնարկները, որոնց առավելություններ կտրվեն պետության կողմից:

Հանրապետության խոշոր բժշկական կազմակերպություններում կտեղադրվեն ՀՀ առողջապահության նախարարին ուղղված հարցերի արկղեր, որտեղ քաղաքացիները կկարողանան անդրադառնալ այն խնդիրներին, որոնց բախվել են բժշկական այս կամ այն ծառայությունից օգտվելիս:

Նախարարը հանձնարարել է ստորաբաժանումների և առանձին ծառայությունների ղեկավարներին խմբավորել ծրագրային նախնական առաջարկությունները և ամփոփ ներկայացնել` մեծապես կարևորելով անկախ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ կընդգրկվեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում` հիվանդների և բժիշկների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բուժհիմնարկներում կտեղադրվեն նախարարին ուղղված հարցերի արկղեր