.jpg)
Թուրքիան հույս ունի «քրդերի միջոցով քրդերի նկատմամբ» ազդեցություն ապահովել
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մ. Բարզանին վաղն այցելում է Դիարբեքիր, ինչն իրոք կարևոր իրադարձություն է` թե իրավիճակի ու տեղի ունեցող զարգացումների, և թե տեղի (Դիարբեքիրի) ընտրության առումով:
Նախատեսվում է Բարզանի-Էրդողան հանդիպումը: Ու այն տեղի է ունենում բավական ուշագրավ մի իրավիճակում: Մի կողմից թուրք-քրդական հաշտեցման գործընթացի անորոշություն ու տապալման հավանականություն, մյուս կողմից` Սիրիայում քրդական ինքնավարության հստակ միտումներ ու պատրաստություններ:
Թուրքիայի քաղաքական հաշվարկների մեջ է մտնում Իրաքի քրդական ինքնավարության և հատկապես Բարզանիի միջոցով, որը կանխատեսելի է Թուրքիայի համար, որոշակի ազդեցություն ապահովել ընդհանուր քրդական զարգացումների նկատմամբ: Իսկ Իրաքի քրդական ինքնավարության հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես խորացող առևտրա-տնտեսական համագործակցությունը, հնարավորություն է տալիս Անկարային որոշակի ազդեցություն ձեռք բերել և տնտեսական փոխգործակցությամբ հասնել քաղաքական փոխկախվածության ու դրանով վերահսկելի պահել ոչ միայն Իրաքյան քրդական ինքնավարությունը, այլև «քրդերի միջոցով քրդերի նկատմամբ» ազդեցության հնարավորություններ ունենալ:
Իսկ այն, որ քրդական տարբեր ուժերի ու հատվածների միջև (Սիրիայում, Իրաքում) առկա է տարանջատվածություն, մասնատվածություն ու նաև հակամարտություն, Անկարան փորձել և փորձում է դրանից հմտորեն օգտագործել: