.jpg)
ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշել է հայց ներկայացնել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի
ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշել է հայց ներկայացնել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Բանկի գործարար համբավն արատավորող տեղեկություն տարածելու համար:
Բանկի մամուլի բաժնից հերքում են «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած այն հրապարակումը, ըստ որի «ՎՏԲ» բանկը չի կատարում իր պարտավորությունները:
Հրապարակման համաձայն՝ բանկը հրաժարվել է վճարել գործարանի շատ աշխատակիցների աշխատավարձերը, ինչը վերջերս հանգեցրեց դժբախտության: Հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտի» աշխատակից 49-ամյա Արմենը գնացել էր գործարան և պահանջել իր 5 ամսվա չստացած աշխատավարձը, սակայն տնօրինությունը հրաժարվել էր վճարել: Երբ նա դուրս էր եկել, կինն էր զանգահարել նրան և հետաքրքրվել` արդյոք ստացել է աշխատավարձը: Արմենն էլ, խորը հոգոց հանելով, ասել էր, թե փող չկա, ու հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից տեղում մահացել էր»:
Բանկի հաղորդագրության մեջ ասվում է.
«ՎՏԲ-Հայաստան Բանկը «Միկա Ցեմենտ» ՓԲԸ 100% սեփականատեր է դարձել 2013թ. հուլիսից և հենց այդ ժամանակից էլ ֆինանսավորում է տրամադրել ձեռնարկությանը ստորագրած համաձայնագրի շրջանակներում:
Ֆինանսավորումը կատարվել է «Միկա Ցեմենտ» գործարանի պարտքերի մարման պարտավորությունների կատարման, այդ թվում նաև աշխատավարձերի վճարման նպատակով: Շնորհիվ ստացված միջոցների` «Միկա Ցեմենտ» գործարանը վերականգնել է իր աշխատանքը, որը դադարեցվել էր ընկերության կողմից պարտքային պարտավորությունների չկատարման պատճառով: Այսպիսով, 5 ամսվա աշխատանքային պարտք աշխատակիցների հանդեպ ձեռնարկությունը չուներ: Բանկի կողմից ֆինանսավորման մասին տեղեկությունը Բանկը հրապարակել է 2013թ. հուլիսի 18-ին:
«Միկա Ցեմենտ» ընկերությունն աշխատում է սովորական ռեժիմով, իսկ արտադրանքի մատակարարումն իրականացվում է ժամանակացույցին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ: