«ՀՀԿ-ն ապացուցեց, որ պատասխանատվության զգացում չունի սերունդների նկատմամբ»
15/11/2013 17:47

«ՀՀԿ-ն ապացուցեց, որ պատասխանատվության զգացում չունի սերունդների նկատմամբ»

Քաղաքական մեծամասնությունն ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելով ու անապատասխանատու վերաբերմունք դրսևորելով՝ հերթական անգամ նսեմացրեց խորհրդարանի դերն ու նշանակությունը: Մեծամասնությունը փաստի առաջ կանգնեցրեց բոլորին` ապացուցելով, որ պատասխանատվության զգացում չունի սերունդների նկատմամբ: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Այսօր իրենց դժգոհությունն արտահայտող ակտիվիստները, պատգամավորի խոսքով, ավելի բարձր ինտելեկտով հանդես եկան, քան` շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ քաղաքական մեծամասնությունից. «Նրանք ոչ միայն ողջամիտ պահանջներ էին ներկայացնում, այլև` առաջ էին քաշում արդյունավետ քննարկման գաղափարը»:

Շարունակելով խոսքը` Ա. Մինասյանն ասաց, որ ԱԺ մեծամասնության պահվածքը  որոշ առումով անսպասելի էր իրենց համար, քանի որ երեկ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ցուցաբերել էին  համերաշխություն. «Մտածեցինք, որ դա համերաշխության քայլ էր, որպեսզի այսօր իրենց խոստացած քվորումն ապահովեն, բայց պարզվեց, որ իրենք անհանդուրժող են: Այս քայլով իրենք ոչ միայն ցույց տվեցին, որ մտահոգ չեն ժողովրդի ապագայով, այլ` նույնիսկ իրենց զավակների ու թոռների ապագայի մասին չեն մտածում»:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչը, ՀՅԴ պատգամավորի կարծիքով, արատավոր հետևանք կարող է ունենալ ոչ միայն ներկա, այլև` ապագա սերունդների համար և այն չի բխում մեր ժողովրդի ու պետության շահերից:

Նախորդող հրապարակումներ՝ Արտահերթ նիստի տապալման հետ կապված` ԱԺ 4 ուժերի հայտարարությունը

Արմեն Ռուստամյան. Չի բացառվում, որ նորից արտահերթ նիստ հրավիրենք

 

 

«ՀՀԿ-ն ապացուցեց, որ պատասխանատվության զգացում չունի սերունդների նկատմամբ»