Բեգլարյան. Տաքսու վարորդները պետք է բարձրացնեն իրենց ծառայությունների որակը
15/11/2013 19:33

Բեգլարյան. Տաքսու վարորդները պետք է բարձրացնեն իրենց ծառայությունների որակը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախապես հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների և տաքսի ծառայությունների ներկայացուցիչների:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տաքսիստների կողմից բարձրացված խնդիրները ունեին երկու ուղղվածություն: Նրանց հիմնական մտահոգությունները կապված էին տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ:

Գագիկ Բեգլարյանը պարզաբանել է, որ թվարկված խնդիրներից և ոչ մեկը որևէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների և իրավասությունների հետ:

«Նախարարությունը իրավասու է քննարկել միայն այն խնդիրները, որոնց լուծումը վերապահված է իրեն: Առանց մեզ դիմելու բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություններ անել, թե Տրանսպորտի և կապի նախարարությունը մեղավոր է, ճիշտ չէ»,-նշել է նախարարը:

Այս տեսակետին համակարծիք էին հանդիպմանը ներկա տաքսու վարորդների գերակշռող մասը:

Խնդիրների երկրորդ խումբը, որոնք մտահոգում էին վարորդներին, առնչվում էր ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը:

«Բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում: Այդ նպատակն է հետապնդում նաև միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաև էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության և այլն) համար վճարվող գումարները»,-նշել է նախարարը:

Գ.Բեգլարյանը միաժամանակ ընդգծել է, որ բարեփոխումներին զուգընթաց տաքսու վարորդները պետք է մտածեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին:

Վարորդները համակարծիք էին, որ մեկնարկած բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որոշակիորեն նվազել է ֆինանսական բեռը, հեշտացել է իրենց աշխատանքը: Նրանց մեծ մասը հանդիպման ընթացքում բարձրացնում էր առավելապես անձնական բնույթի խնդիրներ, որոնցից և ոչ մեկն անպատասխան չմնաց:

Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ ոլորտի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ, և նախարարության համապատասխան ներկայացուցիչները պատրաստակամ են ընդունելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տաքսու վարորդների գործունեության պարզեցմանը և կկանխի չպարզաբանված խնդիրների անհիմն շահարկումը:
 

Բեգլարյան. Տաքսու վարորդները պետք է բարձրացնեն իրենց ծառայությունների որակը