Զ. Փոստանջյան. Այս կառավարությունը գրպանահատի հոգեբանությամբ է առաջնորդվում
15/11/2013 18:00

Զ. Փոստանջյան. Այս կառավարությունը գրպանահատի հոգեբանությամբ է առաջնորդվում

Ես կարծում եմ` քաղաքացին շատ լավ գիտի, ով է ընդդիմություն, ով՝ ոչ: Նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  «Ազատություն» ռադիոակայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Փոստանջյանը ևս մեկ անգամ խոսեց համատարած անվստահության մթնոլորտի մասին, ասաց, որ հասարակությունը ոչ մեկին ու ոչնչի այլևս չի վստահում:

Անդրադառնալով այսօր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար հրավիրված արտահերթ նիստի տապալմանը, ասաց, որ հարցը մեծ հնչեղություն ունի և բոլորին է վերաբերում.

«Ես հիմա կոչ եմ անում բոլորին՝ մի սպասեք, որ ուրիշները պայքարեն ձեր իրավունքների համար, խոսքը մի գործընթացի մասին է, որի ապագան անորոշ է, եթե ինձնից գումար են վերցնում, ես պետք է իմանամ, ինչու եմ դա վճարում, ինչու հիմա, եթե սոցիալական վիճակը շատ ծանր է: Մարդիկ գիտեն, որ իրնեց ավանդները այդպես էլ չստացան: Այս կառավարությունը ոչ մի երաշխիք չի տալիս, որ դրանք կվերադարձվեն: Այսօր կառավարությունը գրպանահատի հոգեբանությամբ առաջնորդվելով մեզնից գումար է վերցնում»,-ասաց Փոստանջյանը:

Ֆեյսբուքյան ասուլիսի մասնակիցները չէին շրջանցել է նաև ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցը: Պատգամավորն ասաց, որ չի զղջում, որ Սերժ Սարգսյանին նման ամբիոնից խաղատներ այցելելու մասին հարց է ուղղել.
«Սա օտար իշխանություն է: Ցավոք սրտի, մենք Նախագահ չունենք, ես հարցս ուղղել եմ մի մարդու, որն այստեղ է հայտնվել կազմակերպված հանցավոր գործընթացից հետո և ես հարցս այդ օտար մարդուն եմ տվել»,-ասաց նա՝ հավելելով , որ բոլոր այն մարդիկ, ովքեր այդ օրերին սպառնացել են իրեն, կկանչվեն պատասխանատվության:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձել են ինձ կաշկանդել և սպառնացել են, պատասխանատվության կկանչվեն: Ես արդեն դիմել եմ իրավապահներին, որ Գալուստ Սահակյանը, Կարեն Ավագյանը, Առաքել Մովսիսյանը Մհեր Սեդրակյանը , Խաչիկ Ասրյանը պատասխան տան իմ հասցեին հնչեցրած սպառնալիքների համար»:

Անդրադառնալով «Ժառանգության ռազմավարությանը» վերաբերող հարցին, պատգամավորն ասաց, որ իր և իր կուսակիցների միակ նպատակ պետություն ունենալն է, որը կծառայի հայ մարդուն:
 

Զ. Փոստանջյան. Այս կառավարությունը գրպանահատի հոգեբանությամբ է առաջնորդվում