Եվրամիությունը պատրաստվում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել
16/11/2013 14:30

Եվրամիությունը պատրաստվում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

Եվրամիությունը պատրաստվում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրները որոշում են կայացրել իրանական մի շարք ընկերությունների և բանկերի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել: Նշվում է, որ հավանաբար պատժամիջոցների կենթարկվեն Իրանի միջազգային, Արտահանման զարգացման (Սադերաթ) և Ռեֆահ բանկերը:

Նշենք, որ նախկինում ի տարբերություն ԵՄ-ի՝ առավել շատ Միացյալ Նահագներն էին շահագրգռված, որպեսզի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Այդ համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օրերս, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ այն պայմաններում, երբ միջուկային խնդրի լուծման նպատակով բանակցություններ են ընթանում, Կոնգրեսի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ավելացումը սխալ կլինի:

Նկատենք, որ նոյեմբերի 7-9-ը Ժնևում տեղի ունեցավ միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև երրորդ հանդիպումը: Իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ բանակցությունների երրորդ օրը, երբ կողմերի միջև կարծես թե հասունացել էր համաձայնության գալու պահը, դրան դեմ արտահայտվեց ոչ թե Վաշինգտոնը, այլ Փարիզը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Արաքի ռեակտորի հարցը և 20 տոկոս ուրանի հարստացման հանգամանքը համաձայնության գալուն խոչընդոտ են հանդիսանում:

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը, օրերս «BBC»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև Ժնևում կայացած հանդիպմանը, մասնավորապես նշել էր. «Ժնևում բանակցող կողմերը շատ մոտ էին համաձայնությանը, իրոք շատ-շատ մոտ էին, սակայն մնացյալ աշխարհն էլ պետք է վստահ լինի, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի»:

Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1 խմբի» միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Նյու Յորքում՝  ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում, երկրորդը՝ հոկտեմբերի 16-17-ը (Ժնև), երրորդը՝ նոյեմբերի 7-9-ը (Ժնև): Չորրորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 20-ին, կրկին Ժնևում:

Թեմայի առնչությամբ վերլուծություն՝  Վերլուծական. Ֆրանս-ամերիկյան մրցակցությունը և Իրանի միջուկային խնդիրը

Եվրամիությունը պատրաստվում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել