.jpg)
ՌԴ դեսպան. Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը
Անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դեսպանը հավելել է, որ իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են նաև Մաքսային միության այլ անդամները՝ ներառյալ Ռուսաստանը:
Հարցին, թե ինչպես կարձագանքի Երևանում բարձրաձայնվող մտահգություններին, թե անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը և այդպիսով պարզապես վերստղեծվում է Խորհրդային Միությունը, դեսպանը պատասխանեց. - «Իսկ մի՞թե Եվրամիության անդամ երկրները չզոհաբերեցին իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվում էին: Այդ երկրների մի մասն անգամ զոհաբերեց իրենց արդյունաբերության, գյուղատնտեսության որոշակի հատվածը: Ի դեպ, Մաքսային միությունը նման զոհողություններ չի պահանջում: Դեռ ավելին՝ Հայաստանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը լրացուցիչ խթան կստանան զարգացման ու եվրասիական շուկայի յուրացման համար»:
Ինչ վերաբերում է Խորհրդային Միության վերստեղծմանը վերաբերող մտահոգություններին` Վոլինկինն ասաց. - «Խորհրդային Միությունը այլևս անցյալում է, և վերադարձ դեպի ԽՍՀՄ չկա՝ նրա դրական ու բացասական կողմերով հանդերձ: Լիովին վստահ եմ, որ նոր ԽՍՀՄ չի լինելու… Մաքսային միության անդամ երկրները իրենց ինքնիշխանությունը ամբողջովին չեն կորցնի, սակայն իրենց ինքնիշխանության մի մասը, առանց որևէ կասկածի, նրանք պետք է փոխանցեն վերազգային մարմիններին: Դա տեղի է ունենում ինտեգրացիոն բոլոր միավորումներում՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում, ուր ասես»: