.jpg)
Սերժ Սարգսյանը «Պատվո շքանշան» հանձնեց Վլադիմիր Մովսիսյանին
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում «Պատվո շքանշանով» պարգևատրեց քաղաքական, պետական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանին:
Սերժ Սարգսյանը Վլադիմիր Մովսիսյանի շնորհավորեց ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
«Շատ բան կարելի է ասել Վլադիմիր Մովսիսյանի մասին, նրա ծավալած գործունեության մասին: Սակայն նրան կարելի է բնութագրել որպես մարդ-դարաշրջան»,-նշեց երկրի ղեկավարը:
Նախագահի խոսքով՝ Վլադիմիր Մովսիսյանը խորհրդանշում է հայ ժողովրդի կարևոր ձեռքբերումների դարաշրջանը:
ՀՀ Նախագահը նշեց, որ Վլադիմիր Մովսիսյանի հոբելյանը տոն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կերտել են մեր հաջողությունները:
«Դուք ձեր ներդրումն եք ունեցել ուժեղ Հայաստանի կերտման գործում: Միայն ուժեղ Հայաստանի հետ հաշվի կնստեն բարյացկամ և ոչ բարյացկամ հարևանները»,-նշեց ՀՀ Նախագահը:
Ս. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Մովսիսյանին՝ Սևանի հանձնաժողովում կատարած աշխատանքների համար:
Նախագահը քաջառողջություն մաղթեց Վլադիմիր Մովսիսյանին և նրա ընտանիքին:
Իր շնորհակալական խոսքում Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստանալ «Պատվո շքանշան» Նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքերից:
«Իմ համար մեծ պատիվ է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում Խորհրդային Հայաստանի դարաշրջանը: Մենք կամուրջ ենք գցում երկու դարաշրջանների և հասարակարգերի միջև»,-նշեց Վ. Մովսիսյանը:
Վ. Մովսիսյանը նշեց, որ ինքը կանգնուն մարդ է և հետագայում էլ պատրաստ է իր ծառայությունները մատուցել հայրենիքին:
Պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մարզպետեր, քաղաքական և պետական գործիչներ: