.jpg)
Էրդողանն առաջին անգամ արտասանել է «Քուրդիստան» բառը
Բավական ուշագրավ է եղել Հյուսիսային Իրաքի քրդական տարածաշրջանի ղեկավար Մ. Բարզանիի այցը Թուրքիա: Այցի օրակարգը բավական հագեցած է՝ տարածաշրջանային զարգացումներ, Սիրիայում քրդական ինքնավարության միտումներ, Էրբիլի հետ հարաբերություններ, թուրք-քրդական հաշտեցման գործընթաց և այլն: Կայացել է Բարզանի-Էրդողան հանդիպումը, որից հետո Դիարբեքիրում նրանք հանրահավաքին իրենց ուղերձներն են հղել, որոնք կրկին թուրքական մամուլը որակում է որպես «պատմական»:
Նույնիսկ արտգործնախարար Դավութօղլուն իր ամերիկյան այցն է հետաձգել և մեկնել Դիարբեքիր` հանդիպումներին մասնակցելու նպատակով: Հանրահավաքի ժամանակ Բարզանին խաղաղության ու եղբայրության կոչ է արել, իր աջակցությունը հայտնելով թուրք-քրդական հաշտեցման գործընթացին՝ կոչ անելով քրդերին ևս աջակցել որպեսզի հաշտությունը վերջնականապես կայանա: Էրդողանն էլ շռայլ խոսքեր ասելով Բարզանիի հասցեին՝ առաջին անգամ արտասանել է «Քուրդիստան» բառը և ողջունել Հյուսիսային Իրաքի քրդական տարածաշրջանի քրդերին:
Նա ևս խնդրել է բոլոր քրդերին աջակցելու թուրք-քրդական դժվարին հաշտեցման գործին և ակնարկել նոր Թուրքիայում քրդերի նոր դրությանը՝ հայտարարելով, որ լեռներից իջնելու են քուրդ զինյալները, բանտերից ազատվելու են և տիրելու է խաղաղություն՝ դրանով իսկ ակնարկելով երկար ժամանակ ընդհանուր համաներում պահանջող քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պահանջի մասին:
Բարզանիին Դիարբեքիրում քրդերը դիմավորել են «Կեցցե Քրդստանը» վանկարկումներով ու Քրդստանի դրոշներով, ինչը զայրույթ է առաջացրել թուրքական մամուլի մի հատվածում:
Փաստորեն, փոխվում է իրավիճակը, երբ նախկինում հակամարտ երկու կողմեր ներկայում փորձում են երևալ որպես բարեկամներ: Ոչ վաղ անցյալում էր, որ Բարզանին սպառնում էր Էրդողանին՝ հայտարարելով, որ եթե Թուրքիան որևէ քայլ կատարի Իրաքյան Քրդստանի նկատմամբ, ապա ինքն էլ իրավունք կվերապահի իրեն՝ «իրար խառնել» Դիարբեքիրը: Իսկ այժմ նույն Դիարբեքիրից կոչ է անում քրդերին աջակցել Էրդողանի հաշտեցման գործընթացին: