Մի մարդու պատմություն. Լուսինե. Կյանքին սպասող կինը
18/11/2013 21:36

Մի մարդու պատմություն. Լուսինե. Կյանքին սպասող կինը

Պատմում են` Լուսինեին երբ հարս են բերել` բոլորի աչքը մնացել է վրան, այնքան սիրուն էր, իսկը հուրի-փերի: Սակայն հարսանիքը` հարսանիք. Այն ավարտվում է ի վերջո, մնում է` մնացածը:

Դրսից տունը հիշեցնում է անկյանք ապարանք, կարծես բնակություն-շունչ չկա, անխնամ մուտք, գյուղական տանը բնորոշ խնամքը բացակայում է. երևի հոգատար ձեռքերը ժամանակ առաջին էին բակում վարդեր ու նարգիզներ գուրգուրել: Դարպասից ներս` նույնը: Լքել էին ապարանքն անվերադարձ կամ էլ վաղուց:

Հարսանիքից հետո շատ-շուտով ընտանիքում սկսեցին վեճերն ու անախորժությունները, հիմա Լուսինեն չի ցանկանում այդ մասին հիշել, նախկին լռակյաց հարսից ոչինչ չի մնացել:

Պարզվեց, որ սկեսուրն ուներ իր պահանջները, սկեսրայրն` իր: Պիտի աշխատի լույսը դեռ չբացված, քնի բոլորից ուշ, քանի որ տան գործերը ոչ միայն անել էր պետք, նաև վերջացնել, իսկ տան գործը վերջ չունի:

Վերջին հաշվով, ենթադրվում էր, որ ինքը եկել էր ուրիշ կնոջ տանը տեղավորվել. Պատեհ-անպատեհ հիշեցնում էին, որ տունը իրենը չէ, որ ապրում է գրեթե վարձակալի կարգավիճակով:

Տունը բաժանել էին երկու մասի` հարսին հասել էր չվերանորոգված, առանց ապակիների հատված ու այսպես լույս աշխարհ եկան երեք տղաները և աղջիկը. Ու գեղեցկուհի հարսից արդեն մնաց սոսկ հարսը:

Ընտանեկան խժդժություններից` մոր, հոր և կնոջ միջև, մշտական վեճերից առաջինը ամուսինը հոգնեց և եթե երկու ոտք ուներ, երկուսն էլ փոխ առավ ու պուկ` փախավ Ռուսաստան, ինչպես հետո պարզվեց` անվերադարձ:

Պարզվեց արդեն, որ Լուսինեի գեղեցկությունը, որով ողջ գյուղն էր հմայվել, որը դարձել էր պատմություն, արդեն ոչ ոքի պետք չէր, անգամ ամուսնուն, ում շատ տղամարդիկ նախանձով էին նայում:

«Պատկերացնո՞ւմ ես` ոնց էի ապրում, երեխեքիս ո՞նց պահեցի-մեծացրեցի»,- հարցնում է Լուսինեն ու շարադրում` ամենօրյա աշխատանք դաշտում` սրա-նրա լոլիկի կամ վարունգի դաշտերն էր քաղհանել, աշխատել բոլոր հնարավոր մասնագիտություններով, հարևանների համար հաց է թխել ու այսպես շարան-շարան. Համագյուղացիները տարբեր աշխատանքների դիմաց տալիս էին ինչ սրտներից գալիս էր:

Այս ընթացքու մահացավ սկեսրայրը. Ասում էին, որ հարսի վրա ձեռք է բարձրացրել, դե ամուսինը չկա, պաշտպանող չկա, մնացել է ամուսնու ծնողների մեծահոգությանը, իսկ այդ բարիքից ոչ բոլորն ունեն:

Իսկ սկեսուրը դարձյալ տան վերանորոգ հատվածում էր, Լուսինեի սենյակները հիշեցնում էին ներքնահարկ, կամ մառանային հատված, որտեղ հատակը բետոնապատ էր, իսկ ձմռանը ցելոֆան կամ կարտոն էին ամրացնում պատուհաններին, որ ցուրտ չփչեր պատուհաններն անգամ ապակիներ չունեին. Գնելու մասին խոսք չկար:

Ամուսնուց ոչ մի լուր կամ ֆինանսական աջակցություն, սկեսուրը երբեմն տղաներից մեկին պահում էր, երբեմն էլ կերակրում. Ու քսանամյա համատեղ կյանքը այդպես էլ չհաշտեցրեց հարսին ու սկեսուրին:

Լուսինեի աղջիկն արդեն մեծացել էր ու մորն էր հիշեցնում` սպիտակարմորթ, սուսիկ-փուսիկ, կարմրաթուշ, դպրոցը չավատեց, խարտյաշ. Աղջկան փախցրեցին, ու ամուսնությունը տևեց երևի 15 օր. Տղան թմրամոլ էր:

Աղջիկը 15 օրից հետ եկավ, ու դատապարտված էր ողջ կյանքը մնալ որոշակի կարգավիճակում և անհատնում բամբասանքների խաչմերուկում` իրական ու անիրական. Ընամենը 16 տարեկանում:

Լուսինեի երեխաները սկսեցին մեկիկ-մեկիկ գնալ «երկիր ավետյաց»` ողջ մնալու հույսով, իհարկե ոչ հոր մոտ, որի «իզն ու թոզը» չէր երևում:

Խոսում էին, որ ռուս կին ունի, երեխաներ: Տղաները գնացեին` ուր պատահի, ու բախտը հասցրեց Ուկրաինա, հետո` Ռուսաստան:

«Մնացել էինք ես ու աղջիկս, ի՞նչ անեի, մենք էլ գնացինք քրոջս մոտ»,- հիշում է Լուսիենեն: Աղջիկը սկսում է աշխատել ինչ-որ ռեստորանի խոհանոցում` ու շատ շուտով գտնում այն, ինչ Հայաստանում դժվար կլիներ` սիրած տղա, որը դառնում է նրա ամուսինը, ծնվում են երեխաները, ու Լուսինեն որոշ ժամանկ ապրում է աղջկա մոտ: «Փեսաս ասում է` մամա սիդի զդես, չևո խոչեշ, մի քիչ էլ հայերեն գիտի»:

Սենյակի մի ծայրից մյուսը. քիչ թե շատ բարվոք վիճակ է, վաճառել էր գորգերը, աման-չաման, որ գնային Ռուսաստան, բայց դեռ մի բան մնացել է, արդեն անտարբեր է, սկեսուրի մահից հետո ինչ-որ տան-հպարտության զգացում կար, որ կարճ տվեց, ժամանակ անց դարձյալ նույն զգացումն էր` հիասթափություն: Նստած է պարզունակ աթոռակին, բառերն է ծոր տալիս` իմիջիայլոց:

Տղաներն էլ էին ամուսնացել. Մի քանի տարի Ռուսաստանում մնալուց հետո Լուսիենն եկավ տուն, որն արդեն իրավամբ և ամբողջովին իրենն էր:

Տան համար վեճերն ավարտվել էին նրանով, որ տանն արդեն ոչ ոք չէր բնակվում. Կռվախնձոր տունը հիշեցնում էր մռայլ ապարանք, որտեղ կյանքը չէր շարունակվում: Լուսիենն չափում է տան մի ծայրը-մյուս ծայրը: Անհաղորդ տուն է` առանց մարդկանց ու հատկապես երեխաների. Սկեսուրն էլ չկար, որ հետը վիճեր:

Փորձում է արդարացնել երեխաներին. «Ստեղ ի՞նչ կար, որ մնային, ո'չ ուսում ունեին, ո'չ էլ կարգին աշխատանք, մեծս բաղնիքի կաֆել ա խփում, մյուս տղես էլ պահակ ա աշխատում, աղջկաս էլ մարդը պահում ա». Մյուս տղայի մասին չի խոսում, երևի աշխատանք չունի, կամ էլ մի բան գտնում` գլուխը պահում է: Լուսինեն գնում գալիս է:

«Ես էլ եմ ուզում էթամ Ռուսաստան, երեխեքիս մոտ, ստեղ ի՞նչ կա, գոնե մենակ չեմ մնա, թոռներիս կտենամ, աղջկաս կօգնեմ, ստեղ ոչ մեկն էլ չունեմ, հերս ու մերս չկան, քուր-ախպերն էլ իրանց տուն-ընտանիքը»:

Տնից դուրս եմ գալիս, ուղեկցում է մինչև դարպասը, նայում եմ` արդեն 50-ի մոտ կլինի, ու ոչինչ չի մատնում, որ ժամանակին գյուղի աչքը Լուսիենի վրա էր` տղամարդիկ նախանձով էին նայում, աղջիկներն էլ նախանձով` առանձնակի:

Շատ ջրեր են հոսել դրանից հետո, և արդեն որևէ մեկի նախանձն էլ չի շարժում. Հոգնատանջ, փորձությունների միջով անցած, երևի թե երեխաներին առանձնապես պետք էլ չէ . Յուրաքնաչյուրն իր կյանքն ունի:

Մի հայացք. Կանգնած է, դարպասներից վերև գալարվում է խաղողի հնամյա վազը, տերևները թափ-թափ: Մռայլ աշնանային պատկեր է, տուն ունի, երեխաներ, թոռներ. Տան համար այլևս վեճեր չկան, ազատ է իր կյանքի ու երկնքի հետ, ու սպասում է` կյանքին:

Նախորդող հրապարակումներ` Մի մարդու պատմություն. Թելի. Ամրոցի մեջ ապրող կինը

Մի մարդու պատմություն. Մարիամ. Անսահմանափակ հնարավորություններով աղջիկը

Մի մարդու պատմություն. Մարգո. Աստծու տվածով գոհացող կինը

Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը

Մի մարդու պատմություն. Լուսինե. Կյանքին սպասող կինը