.jpg)
ԱԳ նախարարերը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային անվտանգության հարցեր
Պաշտոնական Երևանը հույս ունի, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական փուլը կարճ կլինի: Այս մասին, «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Է. Նալբանդյանը տեղեկացրել է, որ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են այն քայլերը, որոնք թույլ կտան անդամակցելու Մաքսային միությանը:
«Հույս ունեմ, որ համապատասխան նախապատրաստական փուլը կարճ կտևի ու պրոցեսը ամենամոտ ժամամակներս կավարտվի, և Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը՝ մասնակցելով Եվրասիական միության ձևավորման գործընթացին»,- նշել է նա:
Ընդգծելով ռազմա-տեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցության կարևորությունը, ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այն ուղղված է Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովմանը:
«Երկու երկրների միջև ակտիվ քննարկումներ են ընթանում համատեղ նախագծերի իրականացման հարցում, որոնք ուղղված կլինեն Հայաստանի էներգետիկ և տրանսպորտային անվտանգության ապահովմանը»,- նշել է Է. Նալբանդյանը:
Հանդիպման վերջում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է իր ռուս գործընկերոջը՝ Սերգեյ Լավրովին, այցելելու Հայաստան:
Նշենք, որ դեկտեմբերի սկզբին նախատեսվում է ՌԴ նախագահի այցը Հայաստան: