17-20դդ. հայկական գորգերը ներկայացվել են մեկ ցուցահանդեսում
19/11/2013 17:52

17-20դդ. հայկական գորգերը ներկայացվել են մեկ ցուցահանդեսում

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հայկական գորգարվեստ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են է 17-20դդ. հայկական գորգի դասական նմուշներ Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից` Վասպուրական, Սեբաստիա, Շիրակ, Սյունիք, Արցախ, Ուտիք, Ջավախք, Գեղարքունիք, Խարբերդ, Կիլիկիա, Նախիջևան, Պարսկահայք և այլն: Ներկայացված են նաև Ք.ա III-I հազ. խեցեղեն, բրոնզե, փայտյա նմուշներ, ինչպես նաև հայկական միջնադարյան քանդակագործության գլուխգործոցներ, որոնց զարդանախշ-գաղափարագրերն առկա են գորգարվեստում և հաստատում են հայկական գորգի` ակունքի հետ ունեցած անընդհատելի կապը: Ցուցահանդեսի նպատակն է այցելուներին ներկայացնել այն փաստը, որ հայկական գորգերը զարդագիր «տեքստեր» են, որոնց մեջ ի պահ են տրված մեր նախնիների` հազարամյակների խորքից եկող հավատալիքների, պաշտամունքի, կրոնական պատկերացումների սրբազնացած խորհրդանիշները:

Նշենք, որ հոկտեմբերից ԼՂՀ Շուշի քաղաքում աշխատանքն է սկսել իր տեսակի մեջ եզակի հնագույն և ժամանակակից գորգերի թանգարանը: Ցուցադրությունը ներառում է տասնյակ գորգեր ու կարպետներ Լեռնային Ղարաբաղի տարբեր գյուղերից: Թանգարանի ցուցանմուշների թվում հանդիպում են բավականին հազվագյուտ նմուշներ, որոնց տարիքը հարյուրավոր տարիների է հասնում: Թանգարան հիմնելով՝ Լեռնային Ղարաբաղը լուրջ հայտ է ներկայցնում հայկական մշակույթի այդ հատվածի ուսումնասիրման կենտրոն դառնալու համար, ինչը կարևորվում է նաև քաղաքական տեսակետից: Թանգարանը մասնավոր նախաձեռնություն է, որը ստեղծվել է Արցախի նախագահի խորհրդական Վարդան Ասծատրյանի ջանքերով:

Այս տարի մեկնարկել է նաև գորգի վիրտուալ թանգարանի ստեղծման ծրագիրը: Այն նպատակ ունի մեկ վիրտուալ տարածության մեջ հավաքել և ցուցադրել Հայաստանի, Սփյուռքի նաև օտարերկրյա թանգարաններում և հնարավորության սահմաններում` անհատական հավաքածուներում պահվող հայկական լավագույն գորգերը: Նախագիծը online տարբերակով է, որը հնարավորություն կընձեռի աշխարհի ցանկացած կետից դիտել և ուսումնասիրել վիրտուալ թանգարանի հավաքածուն: Վիրտուալ թանգարանում կմուտքագրվեն մոտավորապես 2500 գորգեր: Ծրագիրը հնարավորություն կտա դիտել գորգերը, նրանց առանձին հատվածները, ստանալ անձնագրային բոլոր տվյալները (չափսեր, գործելու տեղը, ժամանակաշրջանը, տեխնիկական կազմը, արձանագրությունները և այլն), պատմական տեղեկատվությունը և տեսանյութեր: Այցելուն հնարավորություն կունենա ստանալ տեղեկատվություն գորգերի ոճական տարբեր դպրոցների, գործվածքի տարբեր տեխնիկաների, հայտնի զարդանախշերի աղբյուրների, ինչպես նաև գորգերի վերականգնման (ռեստավրացիա) մասին:

2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվի Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը:

Գորգի հանրահռչակման տարին կնշանավորվի «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազագային գիտաժողովով, որը կկայանա 2013 թ. նոյեմբերի 20-22-ին, Երևանում: 

17-20դդ. հայկական գորգերը ներկայացվել են մեկ ցուցահանդեսում