.jpg)
Հ. Բագրատյան. ՄՄ-ին անդամակցելուց հետո հաստատ կհայտնվենք ռուբլու գոտում
«Մաքսային միությանն անդամակցելուց հետո հաստատ կհայտնվենք ռուբլու գոտում: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն ու Հայաստանը հայտնվեն մի գոտում, բայց առևտուր անեն դոլարով կամ եվրոյով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելուց հետո ընդհանուր արժույթի ձևավորման հնարավորությանը, նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա փաստեց, որ միասնական արժույթն ունի իր առավելություններն ու ռիսկերը, և հիշեցրեց, որ դեռ 1993-94թթ.-ին Հայաստանն առաջարկել է ԱՊՀ-ում ստեղծել ընդհանուր արժույթ՝ УРС (Универсальное расчетное средство), և դա ընդունվել էր կառույցի անդամների կողմից:
«Առաջարկվում էր ոչ թե պարզապես լինի ռուբլի, այլ ռուբլու մեջ մենք մեր փայն ունենանք, որպեսզի կիսենք ռուբլու էմիսիոն եկամուտը, այսինքն ռուբլին լինի տարբեր երկրների զամբյուղ: Ես խորհուրդ կտայի կառավարությանը լրջորեն դրանով զբաղվել»,- ասաց Հ. Բագրատյանը:
Բանախոսը վստահեցրեց, որ Մաքսային միության շրջանակում ամեն ինչ արվելու է առկա գումարը ընդհանուր արժույթով միության մեջ ներդնելու համար:
«Հիմա Ռուսաստանն ասում է, որ քանի որ Մաքսային միությունում ենք, մենք տեղ ունենք փողը ներդնելու, եթե Ռուսաստանում չէ, ապա Ղազախստանում, Բելառուսում, եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, Հայաստանում: Ոստի անպայման դա կարվի: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը հստակ հարց կդնի՝ ոչ մի դրսի արժեթուղթ: Մինչդեռ մերոնք պատրասվում են միջոցների կեսը հանել եվրոպական երկրներ»,- ընդգծեց նա:
Այս համատեքստում պատգամավորն անդրադարձավ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, որը ենթադրում է քաղաքացիների կուտակած գումարների տնօրինում եվրոպական մասնավոր ֆոնդերի կողմից: Նա պնդեց, որ այդ համակարգը ներդրած 7 երկրները հրաժարվել են դրանից:
«Եթե սա պարտադիր կուտակային է, խոսքը նմանապես վերաբերում է ԱՊՊԱ-ին, ապա թող պետական լինի, այսինքն ավելացրեք պետական կենսաթոշակային ֆոնդի վրա, ինչո՞ւ եք ինձնից օրենքով պոկում գումարը, տանում տալիս ձեր ընկերոջը: Եթե անում ես պարտադիր, ապա թող փողը գա պետական բյուջե: Ռուսաստանում և Ուկրաինայում տեսան, որ պարտադիր կուտակայինը չի աշխատում, միացրեցին պետականին: Ռուսաստանը վերացրեց դա»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նա դժվարացավ հստակ պատասխանել, թե կենսաթոշակային այդ համակարգի դեպքում արդյո՞ք քաղաքացիները անհանգստանալու առիթ ունեն իրենց գումարների ճակատագրի հարցում, ասաց, որ անգամ վարչապետը այդ հարցին հստակ չի կարողանում պատասխանել, հետևաբար, ըստ նրա, առանց հարցերին հստակ պատասխանելու արդարացված չէ նման համակարգի ներդնումը: