Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում
19/11/2013 20:39

Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում

Նախիջևանի սահմանում տեղի ունեցած միջադեպի պատճառով Իրանի և Ադրբեջանի միջև ծագած լարվածությունը դեռ չթուլացած՝ երկկողմ հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում:

Նախօրեին իրանական «թաբնաք.իռ» կայքը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ վերջերս Բաքվում Իսրայելի դեսպանության կողքով անցնելու համար Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Իրանի քաղաքացի Հասան Ֆարաջին:

Իրանական աղբյուրը նշել էր, որ ձերբակալված իրանցու մտերիմներից մեկը հաղորդել է, որ Բաքվի «Բինե Ղադի» բանտի աշխատակիցները հօգուտ իրենց խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով վայրենաբար ծխախոտով այրել են անմեղ իրանցու մարմինը՝ նրան ենթարկելով դաժան տանջանքների:

Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սույն միջադեպին, մասնավորապես նշել է. «Ցավոք, մենք երեկ տեղեկացանք, որ Բաքվի բանտում Իրանի քաղաքացուն տանջանքների են ենթարկել: Այդ առնչությամբ Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը սույն տեղեկատվության իսկությունը ճշտելու նպատակով պաշտոնական նամակ է հղել Ադրբեջանի համապատասխան կառույցներին: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա Բաքուն պետք է շտապ պատասխան տա: Այդ խնդիրը գտնվում է նաև զգացմունքային դաշտում, հետևաբար ադրբեջանական կողմը պետք է պատասխան տալու հարցում շտապ քայլեր ձեռնարկի»:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը, արձագանքելով վերոնշյալ միջադեպին, մասնավորապես հայտարարել է. «Ադրբեջանի կողմից Իրանի դեսպանության աշխատակիցներին ձերբակալված իրանցու հետ հանդիպելու խնդրանքը մերժելը ձերբակալվածի՝ տանջանքների ենթարկվելու հավանականությունը մեծացնում է»:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի կարևորագույն գործերով դատարանը ԻԻՀ քաղաքացի Բահրամ Ֆեյզիին Իսրայելի դեսպանության վրա հարձակման փորձ և Իրանի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Ադրբեջանում Իրանի դեսպանությունը վերոնշյալ փաստի առնչությամբ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր. «Վերջին շրջանում առանց փաստեր ներկայացնելու Իրանի նկատմամբ լրտեսություն կատարելու մեղադրանքով կամ Իրանի կամ Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվում. Ադրբեջանում նմանատիպ գործերը քննվում են դռնփակ: Հայտարարում ենք, որ Իրանի քաղաքականության հիմնական սկզբունքը Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելն է, հույս ունենք, որ վերաքննիչ դատարանը չեղյալ կհայտարարի այդ որոշումը»: 

Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում