ՀՀ ԶՈւ օդաչու. Պինդ պահած երկնքի, հավատարմության ու արյանը խառնած օդի մասին
19/11/2013 21:00

ՀՀ ԶՈւ օդաչու. Պինդ պահած երկնքի, հավատարմության ու արյանը խառնած օդի մասին

Մասնագիտությունը` Զինվոր. Կապիտան Նաիրի Մելիքյան, ՀՀ ԶՈւ օդաչու

Կապիտան Մելիքյանն օդում է 9 տարի: Երբ հարցնում եմ թռիչքների մասին, պատասխանում է.

«Իմ արյան բաղադրությունն արդեն ուրիշ է: Առաջին թռիչքից հետո երկնքի օդը խառնվեց արյանս ու հիմա, եթե մի շաբաթ չթռնեմ, մեխանիկորեն կտրվում եմ գետնից ու թեկուզ մտքով` երկնքում եմ»:

«Փոքր ժամանակ ձեռքիս տակ ընկած ամեն ինչից ինքնաթիռ էի սարքում»

Նաիրին ընդամենը 15 տարեկան էր, երբ ընդունվեց Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ.

«Տարիքիս հետ բարդություններ եղան, շատ փոքր էի, բայց ինձ վստահեցին, հնարավորություն տվեցին ու ես արդարացրեցի այդ վստահությունը: Դա, կարծում եմ, ամենակարևորն է՝ արդարացնել դիմացինի վստահությունը»,- պատմում է Նաիրին ու հիշում՝ դեռ երեխա էր, երբ որոշեց օդաչու դառնալ.

«Առաջին-երկրորդ դասարանում էի սովորում: Մի օր տանն էի ու հենց մեր շենքի վերևով, հնարքներ կատարելով, մի քանի ինքնաթիռներ անցան: Հետո պարզվեց՝ ինչ-որ շքերթի էին պատրաստվում: Հենց այդ օրն էլ որոշեցի՝ անպայման թռնելու եմ նրանց նման: Հետաքրքիր է, որ այդպես էլ եղավ, քանի որ հիմա ճիշտ նույն ինքնաթիռներով եմ թռնում, ինչ տեսա այդ օրը»:

Կապիտան Մելիքյանն ավելացնում է, որ ինքնաթիռների հանդեպ մանկական հետաքրքրությունն այդքանով չավարտվեց.

«Այդ օրվանից սկսեցի ինձ համար ինքնաթիռների փոքրիկ մոդելներ հավաքել: Թղթից էի պատրաստում, փայտի կտորներից, առհասարակ՝ ամեն բանից, ինչ ձեռքիս տակ էր ընկնում՝ ինքնաթիռ էի սարքում: Տանը նկատում էին հետաքրքրվածությունս, բայց չէին սպասում, որ այն այսքան կխորանա»,- ժպտալով պատմում է օդաչուն ու ավելացնում, որ տանը և՛ ուրախ, և՛ անհանգիստ էին նրա մասնագիտական ընտրությամբ:

«Տարբեր զգացողություններ էին: Նախ ուրախ էին, որ ես որոշել եմ լուրջ մասնագիտություն ընտրել, որն ինձ համար հետագայում լավ ապագա կլինի: Մյուս կողմից, իհարկե, անհանգիստ էին, որովհետև մասնագիտությունը բավականին վտանգավոր է»,- պատմում է Նաիրին:

«Առաջին ինքնուրույն թռիչքից հետո անընդհատ ժպտում էի ու չէի «իջնում» երկնքից»

Առաջին ինքնուրույն թռիչքը Նաիրին կատարում է ավիացիոն ինստիտուտի երկրորդ կուրսում.

«Դե քանի որ շուտ էի ընդունվել, բոլորից ավելի փոքր էի, երբ թռա՝ 16 տարեկան»,- ասում է կապիտանն ու փորձում բառեր գտնել, որ նկարագրի զգացողությունները, որոնք, իր խոսքով, հասկանալի կլինեն միայն թռիչքից հետո.

«Ուղղակի ժպտում էի՝ անընդհատ. թռիչքի ժամանակ, իջնելուց հետո ու այդպես մի քանի օր: Արդեն նստել էի ինքնաթիռով թռիչքուղուն, բայց մեկ ա՝ երկնքից չէի «իջնում» »,- հիշում է նա ու ավելացնում.

«Երբ առաջին անգամ ինքնուրույն պոկվում ես գետնից, սկզբում մի տեսակ անհասկանալի զգացողություն կա՝ չգիտես ինչ է սպասում քեզ, երբ բարձրանաս կամ՝ ո՞նց ես իջնելու: Բայց հիշում եմ, որ ամեն մետրը բարձրանալուն զուգահեռ ժպիտս ավելի ու ավելի էր լայնանում: Իսկ երբ 1000-1500 մ-ից ներքև նայեցի ու գիտակցեցի, որ այստեղ ինքնուրույն եմ բարձրացել ու հիմա այս ամբողջ ինքնաթիռը ես եմ վերևում պահում՝ չեմ էլ կարող ասել ինչ կատարվեց հետս: Իսկ հիմա, իմ մոտ ֆիզիկայի օրենքին հակառակ ձգողություն կա: Սովորաբար ձգողությունը դեպի ներքև է, իսկ ինձ՝ վերև է ձգում»:

«Մասնագիտությունը ստիպում է, որ քաղաքացիական կյանքն արագացված ռեժիմով ապրենք »

Ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո Նաիրին 5 տարի է որպես սպա ծառայությում է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում.

«Հիմա ես եմ կուրսանտներին օգնում, որ առաջին քայլերն անեն դեպի երկինք: Առաջին հերթին միշտ ասում եմ՝ չլարվեք: Լարվածությունը թույլ չի տա, որ վայելեք թռիչքն ու բացի այդ՝ լարվելու դեպքում վատանում է տեսողությունն, իսկ դա օդաչուի համար այդքան էլ լավ չէ»,- ծիծաղելով ասում է Նաիրին ու ավելացնում, որ զորամասում հիմա իր երկրոդ ընտանիքն է.

«Եթե ժամանակս բաժանեմ՝ կասեմ, որ օրվա 70 տոկոսն այստեղ եմ անցկացնում: Մնում է մյուս 30 տոկոսը, որի մեջ էլ փորձում եմ տեղավորել քաղաքացիական բոլոր գործերս: Օրինակ եթե մի գործ մարդիկ անում են երկու-երեք ժամում, մենք, չգիտես ոնց, հասցնում ենք այն ավարտել կես ժամում: Մասնագիտությունը ստիպում է, որ քաղաքացիական կյանքը արագացված ռեժիմով ապրենք»:

Նաիրիի խոսքով՝ հենց ժամանակն է պատճառը, որ  դեռ չունի սեփական ընտանիք, ասում է՝ շատ բարդ է անձնական ու ծառայողական կյանքը համատեղելը.

«Դեռ չի ստացվում մոտս, բայց մի բանում վստահ եմ, երբ անգամ սեփական ընտանիք ունենամ՝ օդանավերից ու երկնքից չեմ հրաժարվելու»:

«Հիշում եմ՝ մառախուղ էր. ոչ թռիչքուղին էր երևում, ոչ՝ հողը, ու պիտի նստեինք…»

9-ամյա փորձով օդաչու կապիտան Մելիքյանին խնդրում եմ, որ պատմի իր ամենահիշվող թռիչքը: Առանց երկար մտածելու սկսում է՝ «մառախուղ էր ու պիտի իջնեինք…».

«Երկրորդ կուրսում էի ու հրահանգչիս օգնությամբ առաջին անգամ թռնելու էի ռեակտիվ ինքնաթիռով, ինչն իմ համար նոր տեխնիկա էր: Թռիչքուղին, որով բարձրանալու էինք, վերանորոգման մեջ էր ու գործարկվում էր միայն կիսով չափ, բայց դեպի երկինք ուղղությունը լավ անցավ: Մինչև կատարեցինք բոլոր վարժություններն ու սկսեցինք պատրաստվել վայրէջքին՝ եղանակը կտրուկ վատացավ: Հիշում եմ մառախուղ էր. ո՛չ կիսով չափ գործարկվող թռիչքուղին էր երևում, ո՛չ՝ հողը, ու պիտի նստեինք… Դե այս դեպքերում կուրսանտը արդեն մի կողմ է գնում ու ինքնաթիռը նստեցնում է հրահանգիչը: Այդպես էլ արեցինք: Պտտվեցինք, պտտվեցինք ու արդյունքում, կարելի է ասել, ուղղակի շատ ուժեղ հարվածով ընկանք գետնին, ընդ որում՝ թռիչքուղուց բավականին հեռու, հենց հողի վրա»,- պատմում է Նաիրի Մելիքյանն ու ավելացնում, որ, բարեբախտաբար, դեպքի հետևանքով ո՛չ իրենք վնասվեցին, ո՛չ էլ՝ օդանավը.

«Միայն մի քանի լուսարձակ էինք կոտրել: Դե դա էլ ուղղվող հարց էր»:

«Եթե ոչ օդաչու՝ դիպուկահար կլինեի»

Կապիտան Մելիքյանից հետաքրքրվում եմ, եթե ոչ օդաչու, ապա բանակի ո՞ր ստորաբաժանումում կցանկանար լինել.

«Միանգամից ասեմ՝ հատուկ նշանակության զորքերում: Մասնավորապես դիպուկահար կցանկանայի լինել»,- ասում է:

«Դիպուկահար ընկեր ունեմ ու հաճախ եմ հետաքրքրվում նրանց գործի նրբություններով: Ընդհանրապես, եթե զինվորականները հավաքվում են մի տեղ, իմացեք, որ խոսելու թեման հիմնականում միշտ իրենց գործն է ու ռազմական կյանքը»,- ասում է կապիտանը:

Վերջում՝ պինդ պահած երկնքի ու հավատարմության մասին

Երբ զրույցի վերջում Նաիրի Մելիքյանի հետ ինքնաթիռների կայանատեղի՝ «անգառ» ենք մտնում, միանգամից մի բան է զարմացնում՝ օդաչուն հերթով, դանդաղ անցնում է բոլոր ինքնաթիռների մոտով: Ամեն մեկի հետ կապված մի պատմություն ունի:

Նայում է ծայրում կանգնած, վերանորոգման ենթակա ինքնաթիռին.
«Բան չկա, կսարքենք ու իրանով էլ կթռնենք, հո այդպես չի մնա»,- ասում է ամենայն հոգատարությամբ:

Հետո մոտենում ինքնաթիռին, որով բազմիցս թռել է, ստուգում է անիվները, մյուս հատվածները.
«Մի տեսակ փոխվտսահության ու հավատարմության հարց է»,- ասում է ու ավելացնում.

«Պիտի հավատարիմ լինես ինքնաթիռին, որովհետև ինքը քեզ է հավատարիմ եղել շատ անգամ…»

«Ի՞նչ ունես ավելացնելու»,- հարցնում եմ ավարտելով զրույցը.

«Միայն մի բան՝ մարդիկ թող իմանան՝ պինդ պահած երկինք ունենք»:

Նախորդող հրապարակումներ՝ Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում

ԶՈՒ պարաշյուտիստներ. Մի թռիչքն անգամ, հզոր հարված է «պուզատիյ» համակարգին

Մասնագիտությունը` զինվոր. Մայոր Համբարձումյան. Աշխարհի ամենահզոր մարդը

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ. Ընտանիքս ստորագրել է ինձ հավերժ սպասելու տակ

ՀՀ ԶՈՒ հրետանավոր. Մարդկանց մի խնդրանք ունեմ` միշտ վստահեք հայ զինվորին

ՀՀ ԶՈՒ «նվագախմբի տղաները». Մեր թմբուկով զինվորներին դիրք ենք ճանապարհում

ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում

ՀՀ ԶՈՒ տեխնիկ. Օդաչու ընկերդ քեզ է վստահում, դու` վերանորոգած ինքնաթիռիդ

ՀՀ ԶՈւ օդաչու. Պինդ պահած երկնքի, հավատարմության ու արյանը խառնած օդի մասին