.jpg)
Ադրբեջանը շարունակելու է կրակել մեր ուղղությամբ` Անկարայի ուղիղ ցուցումով
«Միայն այն փաստը, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ, արդեն մի քայլ առաջ էր: Ադրբեջանը բազմաթիվ անգամ ցանկացել է փոխել Մինսկի խմբի բանակցային ֆորմատը, ինչը նրանց չհաջողվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը` ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ երկու նախագահների հանդիպումը ինքնին դրական փաստ է, սակայն դժվար է ասել` սառույցը կոտրվե՞ց, թե ոչ:
Քաղաքագետի խոսքով` Վիեննայում կայացած հանդիպման հիմնական իմաստն այն էր, որ նոր թափ հաղորդվի բանակցային գործընթացին:
«Ադրբեջանի իշխանություններն իրենց քայլերով ցույց են տալիս, որ իրենք պատրաստ չեն խաղաղ բանակցային ճանապարհով լուծել ղարաբաղյան հիմնահարցը, քանի որ նրանք անընդհատ սադրանքներ են իրականցնում՝կրակում են խաղաղ բնակչության վրա և խախտում հրադադարի ռեժիմը»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:
Հ. Մելիք-Շահնազարյանի կանխատեսումներով` ադրբեջանական կողմը շարունակելու է իր սադրանքների քաղաքականությունը:
«Ադրբեջանը շարունակելու է կրակել մեր ուղղությամբ` Անկարայի ուղիղ ցուցումով»,- հավելեց քաղաքագետը: