Փորձագետ. Այս պահին ռազմական հաջողությունները Բաշար ալ-Ասադի կողմն են
20/11/2013 20:16

Փորձագետ. Այս պահին ռազմական հաջողությունները Բաշար ալ-Ասադի կողմն են

Ավելի քան 2.5 տարի է` Սիրիայում չեն դադարում բախումները դիմադիր և ընդդիմադիր ուժերի միջև, երկրում ընթացող պատերազմական գործողությունների զոհ են գնում անմեղ մարդիկ, գաղթականների թիվը մեծ չափերի է հասել, Սիրիան գտնվում է աղետալի վիճակում, մինչդեռ միջազգային հարթակներից հակամարտության խաղաղ կարգավորման մասին անընդհատ լսվող կոչերն անարձագանք են մնում: Սիրիայի շուրջ տեղի ունեցող գործընթացները մեկնաբանելու խնդրանքով Aysor.am-ը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:

- Պրն. Գրիգորյան` ինչպե՞ս եք գնահատում Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը:

- Վերջին շրջանում Սիրիայում և դրա շուրջ ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ մերձավորարևելյան տարածաշրջանի սահմաններից դուրս եկած այս հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները մնում են մշուշոտ, իսկ կոնֆլիկտն անընդհատ ընթանում է դեպի փակուղի: Բացառություն են կազմում Սիրիայի քիմիական սպառազինության ոչնչացմանն ուղղված կոնկրետ գործողությունները, որոնք ընդանում են միջազգային խիստ վերահսկողության պայմաններում և հստակ ժամանակացույցով, սակայն ինչպես ներսիրիական, այնպես էլ արտասիրիական զարգացումներում բուն հակամարտության կարգավորմանն ուղղված անկեղծ ձգտումներ չկան:

- Սիրիայում ընթացող ռազմական գործողություններն ի՞նչ փուլում են գտնվում, և այս պահին հակամարտող կողմերից ո՞ւմ ձեռքին է գտնվում նախաձեռնությունը:

- Վերջին ամիսներին ռազմական գործողություններն ինտենսիվ բնույթ են ստանում Սիրիայի հարավային տարածքներում: Հավանաբար, դա կապված է այն հանգամանքի հետ, որ հյուսիս-արևելքում սիրիական որոշ տարածքներ անցել են քրդերի վերահսկողության տակ, իսկ հյուսիս-արևմտյան որոշ բնակավայրեր վերահսկվում են «ալ-Կաիդաին» հարող իսլամական արմատական խմբավորումների կողմից: Այս իրողության պայմաններում «Սիրիայի ազատ բանակի» և օտարածին դոնորների օժանդակությամբ գործող այլ արտասիրիական ուժերի կողմից Սիրիայի հարավում և մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ ռազմական ակտիվությունը նկատելի դարձավ: Այդ ակտիվությունը զգացվեց Սիրիայի հարավային շրջաններում կուտակվող ընդդիմադիր զինյալների թվաքանակի աճով, այս տարածքների նկատմամբ արևմտյան հատուկ ծառայությունների ուշադրության սևեռմամբ, սիրիա-հորդանանյան սահմանին կուտակված մեծաքանակ ռազմական ներուժով, ընդիմադիր զինյալներին տրվող ռազմական օժանդակությամբ, վերջիններիս հասցեագրված ֆինանսական հոսքերով և այլն: Նկատվող իսրայելա-սաուդյան երկկողմանի հանդիպումների ֆոնի ներքո` Սիրիայի հարավային սահմանները ռազմավարական առումով նույնպես կարևորվում են վերոհիշյալ երկրների կողմից այս տարածքներում հակաիրանական պայքարի համատեղ պլատֆորմ կառուցելու առումով, ինչն արտահայտվում է նաև իսրայելական և սաուդական հատուկ ծառայությունների ակտիվությամբ սիրիա-հորդանանյան սահմանագծում:

Գիտակցելով Սիրիայի հարավից սպասվող ռազմական հարվածի վտանգը` սիրիական իշխանությունները ռազմական գործողությունների հիմնական ուղղությունը վերջին ամիսներին ցուցադրաբար թեքեցին դեպի հյուսիս՝ Հալեպ-Հոմս ուղղությամբ, դիտավորյալ տպավորություն ստեղծելով, որ թուլացնում են Դամասկոսի և Սիրիայի հարավային շրջանների նկատմամբ ուշադրությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում հարավային հատվածներում կենտրոնացնելով զգալի ռազմական ուժեր, հաջողությամբ սկսեցին պայքարել զինյալների դեմ: Ընդ որում, վերջին օրերին ներկայիս իշխանությունները հաջողություններ են գրանցում նաև Սիրիայի այլ հատվածներում, հատկապես Հալեպի շրջանում, և այս առումով, կարելի է փաստել, որ այս պահին ռազմական հաջողությունները Բաշար ալ-Ասադի կողմն են:

- Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Տարածաշրջանային և դրանից դուրս գտնվող առանցքային որոշ երկրներ բացահայտ հանդես են գալիս Բաշար ալ-Ասադի իշխանության դեմ` օժանդակելով նրա դեմ պայքարող ընդդիմադիր զանգվածին, ինչը խնդիրներ է առաջացնում թեկուզ և ռազմական հաջողություններ գրանցող սիրիական իշխանությունների համար: Այս խնդիրների լուծման կարևոր գրավական կարող են լինել սիրիական հակամարտության կարգավորման մեծ տերությունների ջանքերը: Սակայն այս օրերին անընդհատ շրջանառության մեջ դրվող Ժնև 2-ի կազմակերպման և հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ռուս-ամերիկյան նախաձեռնությունները չեն առանձնանում կոնֆլիկտի հանգուցալուծմանն ուղղված «անկեղծ» միտումներով, և շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում բավական խնդրահարույց է դառնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից նման նախաձեռնության իրականացումը:

Հավելենք նաև, որ Սիրիայի ընդդիմադիր ճամբարը մասնատված է, այստեղ կան հակասություններ, տեղի են ունենում բախումներ ընդդիմադիրների շրջանում, և չի նկատվում համաձայնեցված միասնական դիրքորոշում հակամարտության հետագա ընթացքի և նրա կարգավորման ուղենիշների վերաբերյալ: Մինչդեռ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերը բանակցային գործընթացին մասնակցեն հնարավորինս ընդլայնված ձևաչափով և ներկայացնեն սիրիական հասարակական լայն շերտերը: Մինչդեռ ընդդիմադիրների մի մասը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ մյուս հատվածը` հատկապես իսլամական ծայրահեղ արմատական որոշ ուժեր, որոնք գործում են արտասիրիական հովանավորների ռազմական և ֆինանսական օժանդակությամբ, քննադատում են սիրիական ներկայիս իշխանությունների հետ որևէ բանակցություններ` կոչ անելով շարունակել պայքարը: Այն ավելի է դժվարացնում հակամարտության խաղաղ կարգավորման իրատեսական ուղիների փնտրտուքը, և հետևաբար որքան շարունակվի այս ուժերի ֆինանսավորումն ու վարձատրումը, այնքան Սիրիայում պատերազմը շարունակվելու միտում կունենա:
 

Փորձագետ. Այս պահին ռազմական հաջողությունները Բաշար ալ-Ասադի կողմն են