ՀՀ և ՌԴ վարչապետները խոսել են ՄՄ-ին անդամակցության գործընթացի մասին
20/11/2013 19:10

ՀՀ և ՌԴ վարչապետները խոսել են ՄՄ-ին անդամակցության գործընթացի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կարևորել են երկու պետությունների միջև տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:

Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:

ՀՀ և ՌԴ վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:

Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:
 

ՀՀ և ՌԴ վարչապետները խոսել են ՄՄ-ին անդամակցության գործընթացի մասին