.jpg)
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը ողջունում է երկխոսության վերսկսումը
Պաշտոնական Վաշինգտոնը Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը կարևոր քայլ է համարում երկխոսության վերականգնման հարցում: Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակիի հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս առաջին քայլի համար և խրախուսում ենք այն, որ նրանք պայմանավորվել ենք կրկին հանդիպել առաջիկա ամիսների ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև նշել է. «Լինելով վերջին երկու տարվա ընթացքում նրանց առաջին հանդիպումը՝ այս գագաթաժողովը կարևոր քայլ է երկխոսությունը վերսկսելու ճանապարհին և ի ցույց է դնում առաջնորդների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտին հասցնելու ընդհանուր հանձնառությունը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, Միացյալ Նահանգները կոչ է անում երկու նախագահներին՝ ակտիվ աշխատել բոլոր կողմերի բնակիչների համար ծանր բեռ դարձած հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ նախօերին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները տարածել էին հայտարարություն, որտեղ նշվում էր, որ նախագահները մտադրություն են հայտնել ակտիվացնել երկխոսությունը և պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել ուղղակի հանդիպումները: