Մեկնարկել է Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիա
21/11/2013 18:52

Մեկնարկել է Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիա

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ նոյեմբերի 20-ին, Փարիզում հանդիպել է ԿԱՐՊԱ-ի Ազգային միության նախագահ Ժան Շարլ Կրեբսին: Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Կրեբսը նշել է, որ Հայաստանում փաստաբանական ինստիտուտն ունի բոլոր նախադրյալները ինտեգրվելու եվրոպական փաստաբանական ընտանիքին: Արա Զոհրաբյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ և ֆրանսիացի փաստաբանների կապերը դեռևս չեն գտնվում բավարար մակարդակի վրա, սակայն կա  մեծ ներուժ դրանք ակտիվորեն զարգացնելու համար:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանում ԿԱՌՊԱ փաստաբանական վճարումների համակարգի ներդրման կարևորությունը: Քննարկվել է նաև համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծման հնարավորությունները:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խնդրանքով Կրեբսը ներկայացրել է այն ճանապարհը, որը կիրառվել է Ֆրանսիայում ԿԱՌՊԱ-ի ներդրման առումով: Ֆրանսիացի փաստաբանները հայ գործընկերներին խոստացել են տրամադրել այն բոլոր անհարժեշտ փաստաթղթերը և տեխնիական լուծումները, որոնք կօգնեն հասնելու ցանկալի արդյունքի: Որպես օրինակ, ներկայացվել է նաև Մարոկկոյի փորձը, որտեղ ևս հաջողությամբ է ներդրվել այդ համակարգը:

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Փարիզի փաստաբանների պալատի նախագահ Քրիստիան Ֆերալ Շուլի հետ: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են ՀՀ փաստաբանների և Փարիզի փաստաբաների պալատների միջև համագործակցության մասին պայմանագիր:

Նոյեմբերի 20-ի երեկոյան Արա Զոհրաբյանը մասնակցել է Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական միության՝ AFAJA-ի տարեկան ճաշին, որտեղ հրավիրված են եղել Ֆրանսիայի փաստաբաններ և իրավաբաններ։ Ճաշի միջոցառման ժամանակ ներկայացվել է Փարիզի փաստաբան, ազգությամբ հայ Սևակ Թորոսյանի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության վերաբերյալ աշխատությունը։ Ճաշին ներկայացվել է նաև երկու ֆրանսիացիների Թուրքիայում բնակվող ծպտված հայերի մասին աշխատությունը։ Հեղինակները ներկա էին և իրենք են ներկայացրել իրենց աշխատությունը։

Մեկնարկել է Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիա