Այսօր Երևանում ծեծել են կանչի մեկնած շտապօգնության բժշկին
21/11/2013 18:45

Այսօր Երևանում ծեծել են կանչի մեկնած շտապօգնության բժշկին

Այսօր՝ ժամը 13:52-ին, Դավիթաշեն 5փողոց 25ա տուն հասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ 1-03 ծառայությունում գրանցված N 273 կանչի ժամանակ ծեծել են բժշկին: Կանչի մեկնել է թիվ 2 ենթակայանի N 21 բրիգադը՝ բժիշկը Գագիկ Ներսիսյան: Բրիգադը նշված հասցե է հասել 6 րոպեում: Բժշկի ներս մտնելուն պես հիվանդը շնչահեղձ լինելով ասել է, որ 40 րոպե խնդրել է հարազատներին շտապօգնություն կանչել: Առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահացել է:

Ցավոք, բժշկի կողմից կատարված վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներն արդյունք չեն տվել: Երբ այդ մասին հայտնել են հիվանդի տղային, նա հարձակվել է բժշկի վրա, հարվածել գլխին, կրծքավանդակին: Այս պահին բժիշկը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքում: ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է բժշկի հանդեպ կատարված ցանկացած ոտնձգություն:

«Առողջապահության նախարարությունը հետամուտ կլինի բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ:

Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»,-ասված է հաղորդագրության մեջ:


 

Այսօր Երևանում ծեծել են կանչի մեկնած շտապօգնության բժշկին