«Սա միայն սկիզբն է. ՀԷՑ-ը պատրաստվում է 800 մարդու ազատել աշխատանքից»
21/11/2013 13:00

«Սա միայն սկիզբն է. ՀԷՑ-ը պատրաստվում է 800 մարդու ազատել աշխատանքից»

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀԷՑ աշխատակիցներն այսօր ընկերության գլխավոր մուտքի մոտ ցույց էին կազմակերպել: Ցույցի մասնակիցները հիմնականում Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտի աշխատակիցներն էին: Էներգոիրացման տեղամասի պետ Արմեն Խաչատրյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, ներկայացնելով իրավիճակը, ասաց, որ 41 մարդ է աշխատում այդ դեպարտամենտում և բոլորին պատրաստում են անգործ թողնել: Մեր այն դիտարկմանը, թե իրենց առաջարկվել է աշխատանք այլ բաժիններում, Արմեն Խաչատրյանն ասաց, որ առաջարկված մասնաճյուղերը նախ գտնվում են մարզերում և հետո իրենք համոզված են, որ 2 ամիս հետո այդ մարդկանց, միևնույն է, կրճատելու են: Բացի այդ, ըստ նրա՝ ոչ բոլորին է նման առաջարկ եղել, մեծ մասին ասել են, որ նրանք կադրերի ռեզերվ են ուղարկվելու:

«Պատճառը աշխատանքի ավտոմատացումը չի, որոշել են ուղղակի աշխատողներին բաժանել մասնաճյուղերի մեջ: Մենք Երևանում 4-րդ մասնաճյուղն ենք և ունեցել ենք աշխատանքի ամենաբարձր ցուցանիշները, բարձրակարգ մասնագետներ են բոլորը: Երբ որ նոր տնօրեն նշանակվեց 3 տարի առաջ, նա այն ժամանակ մեր մասնաճյուղը վարչություն դարձրեց, հիմա էլ տեսնում եք, որ դա էլ չի լինելու: Նա իրավունք չունի ազատել այդ մարդկանց, հարցը պետք է Մոսկվայում քննարկվեր, ընդունվեր տնօրենների խորհրդում, բայց դա չի արվել: Այսօր էլ ասել է, թե սպասենք Պուտինը գնա, կգնամ տնօրենեների խորհրդում կորոշեմ կգամ: այսինք այս ամենը զուտ քմահաճույքի հարց է, ոչ մի խնդիր չկա»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ իրենք, որպես էներգետիկներ, մտահոգված են ամբողջ համակարգի աշխատանքով. «Փաստորեն բաժինը, որը ստեղծվել է խոշոր հարկատուներին վերահսկելու համար, այլևս չի լինելու: Սա տանում է համակարգի թուլացման, հասկանում ե՞ք»:

Բացի այդ ՀԷՑ աշխատակիցն ասաց, որ ըստ որոշ խոսակցությունների՝ իրենք կրճատումների միայն առաջին թիրախն են. «Մենք լսել ենք, որ հունվարից խոշոր կրճատումներ են լինելու՝ մոտ 10 տոկոսով: Համակարգում 8 հազար մարդ կա: 800 աշխատակցի զրկելու են աշխատանքից»:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ դիմել են Նախագահին, Ռուսաստանի տնօրենների խորհրդի անդամներին. «Այս գործողությունները ապօրինի են: Մենք չենք հասկանում՝ ինչ է կատարվում»,-եզրափակեց նա:

Նախորդող հրապարակումներ՝ ՀԷՑ աշխատակիցները բողոքում են. Ընկերությունը՝ հերքում
 

«Սա միայն սկիզբն է. ՀԷՑ-ը պատրաստվում է 800 մարդու ազատել աշխատանքից»