Եղբորորդուն դանակահարելու համար դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
21/11/2013 19:17

Եղբորորդուն դանակահարելու համար դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով` եղբորորդուն անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող Գրիգոր Պետրոսյանը դատապարտվել է ազատազրկման` 8 տարի ժամկետով:

Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Գ. Պետրոսյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. սեպտեմբերի 4-ին ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Օհանովի փողոցի 2-րդ շենքի դիմաց տեղադրված տնակում իր եղբոր որդի Վ. Պետրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որը կատարվել է՝ անզգուշությամբ առաջացնելով տուժող Վ. Պետրոսյանի մահ:

Դատաքննությամբ պարզվել է, որ Գրիգոր Պետրոսյանը 2013 թվականի սեպտեմբերի 03-ին, երեկոյան իր ընկերուհու Ա. Կ.-ի հետ գտնվել են Երևան քաղաքի Օհանովի փողոցում տեղադրված տնակում, որտեղ օգտագործել է ալկոհոլային խմիչքներ: Ժամը 01-ի սահմաններում նշված տնակ է գնացել Գ.Պետրոսյանի եղբոր որդին` Վահագ Պետոսյանը իր հորաքրոջ որդու հետ, որտեղ Վ.Պետրոսյանը, տեսնելով Ա. Կ.-ին, հայհոյել է նրան, ինչի կապակցությամբ վիճաբանություն է սկսվել Գ. Պետրոսյանի և Վ. Պետրոսյանի միջև, որը վերածվել է կռվի ու այդ ընթացքում Գ. Պետրոսյանը, տնակի խոհանոցից վերցնելով խոհանոցային դանակը, դրանով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Վ. Պետրոսյանի ձախ ազդրին վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս և հասցնելով մարմնական վնասվածքներ ձախ ազդրի հետին մակերեսի ծակած-կտրած որովայնի խոռոչ թափանցող վնասվածքի, ազդրի խորանիստ մկանների, մակերեսային և ընդհանուր ազդրային երակների, որովայնամզի, հետորովայնամզային տարածության վնասումի և հետորովայնամզային տարածության արյունահավաքի /հեմատոմայի/ առաջացուման, արտաքին և ներքին առատ արյունահոսության ձևերով:

Նշված վնասվածքները ստանալուց հետո Վահագ Պետրոսյանը հորաքրոջ որդու ուղեկցությամբ գնացել է իրենց Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Ռումինական քոթեջներ կոչվող հասցեի տուն, որտեղ նրան բուժ. օգնություն է ցույց տվել մայրը, որից հետո Վ. Պետրոսյանը մի քանի ժամ քնել է, իսկ առավոտյան վատ է զգացել և շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ գիտակցության չգալով վերը նշված վնասվածքներից առաջացած հեմոռոգիկ շոկից ժամը 23.20-ին մահացել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2013 թվականի սեպտեմբերի 04-ի գիշերը ինքը օգտագործել է ոգելից խմիչքներ և Ա. Կ.-ի հետ գտնվել է Երևան քաղաքի «Բանգլադեշ» կոչվող թաղամասում գտնվող տնակում, որտեղ եկել իր եղբոր որդին` Վահագ Պետրոսյանը քրոջ որդու հետ և իր ու Վահագ Պետրոսյանի միջև վիճաբանություն է ծագել կապված Վ.Պետրոսյանի կողմից իր ընկերուհուն` Ա. Կ.-ի հասցեին հայհոյանքներ տալու պատճառով, որի ընթացքում իրենք կռվել են և ինքը, խոհանոցից վերցնելով մեծ դանակը, մեկ անգամ հարվածել է Վահագին, որից հետո էլ նա ընկել է: Այնուհետև, ինքը ճանապարհել է Ա.-ն և երբ վերադարձել է, նկատել է, որ Վահագը հեռացել է: Ինքը մաքրել է դանակի վրայի արյունը և հետագայում այն նետել է Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող աղբամանի մեջ: Ինքն զղջում է կատարածի համար:

Դատարանը վճռել է նաև Գ. Պետրոսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 312236 ՀՀ դրամ, որպես փորձաքննությունների կատարման հետ կապված դատական ծախս:

Նախորդող հրապարակում` Դանակահարված երիտասարդի կյանքը փրկել չհաջողվեց (Տեսանյութ)

Դանակի վնասվածք ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Եղբորորդուն դանակահարելու համար դատապարտվեց 8 տարվա ազատազրկման