.jpg)
Արաբագետ. Լիբանանյան պայթյուններն ուղղված են առաջին հերթին Իրանի դեմ
Երեքշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել են 25 մարդ, այդ թվում դեսպանատան մշակութային հարցերով կցորդը, վիրավորվել՝ 147 հոգի: Այս ահաբեկչական գործողությունը մեկնաբանելու համար Aysor.am-ը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:
Մեկնաբանելով այդ բռնարարքները՝ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ պայթյունների իրականացման պատասխանատվությունն անմիջապես իր վրա վերցրեց «ալ-Կաիդային» հարող «Աբդալլահ Ազզամ» խմբավորումը, որի անվանումն արդեն հուշում է այդ կառույցի իսլամական սուննիական արմատական գաղափարներին հավատարիմ մնալու և Աբդալլահ Ազզամի հետևորդները լինելու մասին (Աբդալլահ Ազզամը համարվում է ջիհադական պայքարի ժամանակակից հայեցակարգի հիմնադիրն ու Ուսամա բին-Լադենի ուսուցիչը):
Արաբագետը նշեց, որ այս կառույցը Լիբանանում գործում է ոչ վաղուց՝ 2009 թ-ից, այդ ժամանակաշրջանից ի վեր ակտիվ գործողություններով աչքի չի ընկել՝ բացառությամբ մի քանի ոչ մեծ ահաբեկչական արարքների: Երեքշաբթի օրվա պայթյունները կարելի է համարել «Աբդալլահ Ազզամ» խմբավորման առաջին նշանակալի ու խոշոր ահաբեկչական բռնարարքը Լիբանանում: Բացի դա, տեղի ունեցած երկու պայթյունները (առաջին պայթյունը տեղի ունեցավ քիչ քանակի պայթուցիկների օգտագործմամբ, այնուհետև հետևեց առավել մեծ պայթյունը, որի հետևանքով զոհերի քանակը կտրուկ ավելացավ) հիշեցնում են «ալ-Կաիդա»-ին հարող իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից երկակի պայթյունների կիրառման մարտավարությունը, որն առավել ազդեցիկ է դարձնում ահաբեկչությունը:
Ս. Գրիգորյանի գնահատմամբ՝ այս բռնարարքներն ուղղված են առաջին հերթին Իրանի և տարածաշրջանում նրա հովանու տակ գործող շիական ուժերի դեմ՝ նպատակ հետապնդելով թուլացնել շիական ազդեցությունը: Դա է վկայում ահաբեկչությունից հետո «Աբդալլահ Ազզամ» խմբավորման կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ կառույցն իր գործողությունները բնորոշում է որպես վրեժխնդրություն՝ ուղղված Բաշար ալ-Ասադի վարչակարգին աջակցող Իրանի և լիբանանյան «Հիզբալլահ» շիական արմատական կազմակերպության դեմ:
Մերձավորարևելյան տարածաշրջանում դավանական հակասություններն էլ ավելի սուր բնույթ են ստանում շարունակվող սիրիական հակամարտության կոնտեքստում, որը պարզ երևում է Լիբանանում սուննի-շիա խորացող հակամարտության օրինակով: Երեքշաբթի օրվա պայթյուններն այդ խորացող հակասությունների շարունակական շղթան են կազմում, որոնք Լիբանանում վերջին շրջանում վերածվել են սուննի-շիա դավանական արյունալի բախումների՝ հավելեց արաբագետը: