.jpg)
Վարդենիսի հոգեբուժարանում անցկացված ու չհրապարակված ստուգումների արդյունքը
Հայաստանում հոգեբուժական հիվանդանոցային ծառայություն իրականացվում է 8 հոգեբուժական հիվանդանոցային կազմակերպություն: Ժամանակ առ ժամանակ մամուլն անդրադառնում է այս կազմակերպություններում առկա այս կամ այն խնդրին, բայց մամուլի հրապարակումներում հիշատակությունների թվով ռեկորդը Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատինն է: Սկսած հիվանդներին շահագործելուց, պաշտոնի չարաշահումից՝ մինչև «առեղծվածային» մահ: Վերջին և ամենաթարմ դեպքը «Ժողովուրդ» օրաթերթի ստացած ահազանգն էր:
Թերթին հայտնել էին, որ Վարդենիսի տուն-ինտերնատի երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանին փայտով ծեծել են։
Նյարդահոգեբուժական կլինիկայի տնօրինությունը դեպքից հետո հեռախոսազանգերին չէր պատասխանում, կոնկրետ այս դեպքի հետ կապված չարձանքեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի ենթակայության տակ գործումէ կլինիկան: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով էլ կլինիկայում անցկացվում են ստուգումները:
Դրանք, սովորաբար, ինչպես Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից, իրականացվում են նախարարի կողմից հաստատված տարեկան ժամանակացույցով կամ ըստ անհրաժեշտության` նախարարի աշխատակազմի ղեկավարի հրամաններով: Թե հատկապես ինչ ժամկետների մասին է խոսքը, նշված չէ: Հայտնի է, որ վերջին անգամ այս կլինիկայում ստուգման հրաման եղել է 2012 թվականի մայսին, այսինքն՝ մոտ 1 ու կես տարի առաջ:
Ուսումնասիրությունների արդյունքները հանրային իրազեկման միջոցներով չեն հրապարակվել: Դրանք քննարկվել են նախարարությունում: Ուսումնասիրությունների ժամանակ պարզվել է, որ տուն-ինտերնատի 90 սենյակներից, 46-ը չեն համապատասխանում խնամվողների բնակելի մակերեսով ապահովվածության չափանիշներին` մեկ խնամվողի հաշվարկով, բաժանմունքներ կան, որ ծանրաբեռնված են խնամվողներով: Խնամվողները տուն-ինտերնատ ընդունվելիս դասակարգվում են ըստ իրենց հիվանդության ախտորոշման ու բարդության, ինչպես նաև՝ ըստ տարիքի և սեռի, ըստ այդմ տեղավորվում են համապատասխան բաժանմունքներում: Բաժանմունքներում հիմնականում չկան մեկուսարաններ:
Բոլոր բաժանմունքներն ապահովված են սանհանգույցներով և ցնցուղներով, սակայն դրանց քանակը, ինչպես նշված է ուսումնասիրության մեջ, փոքր ինչ քիչ է սահմանված չափորոշիչներից: Մեկ ամսվա կտրվածքով Ճաշացանկերի ուսումնասիրությունից պարզվել է, որ հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի առումով ճաշացանկերը համապատասխանում են սահմանված չափորշիչներին, սակայն եղել են օրեր, երբ ճի պահպանվել սննդի բազմատեսակությունը: Աշխատակիցների անձնական գործերի ուսումնասիրությունից պարզվել է, որ կուլտ կազմակերպիչի և էներգետիկի հաստիքները զբաղեցվել են համապատասխան պաշտոնի անձնագրերի պահանջների խախտմամբ` չունեն համապատասխան կրթություն կամ համապատասխան հավաստագրեր: Գնումների գործընթացի կազմակերպման առումով ի հայտ են եկել որոշ թերություններ: Ընթացակարգի արդյունքում պայմանագիր կնքելու մասին որոշումը և անգործության ժամկետը չեն սահմանվել սահմանված կարգով:
«Ուսումնասիրության արդյունքում ՀՀ օրենսդրության պահանջների կատարման վերաբերյալ այլ խախտումներ, թերություններ կամ բացթողումներ չեն հայտնաբերվել»,- նշված է ուսումնասիրության մեջ: Հիվանդների և բժիշկների փոխհարաբերությունների մասին ոչ մի նշում չկա:
Ինչ վերաբերում է հիվանդին ծեծելու դեպքին, մեզ, այնուամենայիվ, հաջողվեց զրուցել տուն-ինտերնետի տնօրենի հետ: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Նվեր Հովհաննսիյանն ասաց, որնման բան չի եղել: Տնօրենը համաձայնեց պատասխանել միայն այդ դեպքի հետ կապված հարցին: Մեր ՝ տուն-ինտերնատին վերաբերող մնացած հարցերին նա չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ ավելացնելու բան չունի, միայն համաձայնել է խոսել, որ հերքի հիվանդին ծեծելու հետ կապված լուրը: