.jpg)
Արմեն Աշոտյան. Գյումրիում ոչ մի բուհ չի փակվում
Շիրակի մարզի կրթության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի:
Նախարարն այցելել է Գյումրու արվեստի բուհեր և հանդիպում ունեցել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Արվեստի բուհերի ներկայացուցիչները մտահոգություններ են ներկայացրել նախարարին՝ բուհերի մասնաճյուղերի միավորման վերաբերյալ կառավարության կողմից մշակված նախագծի առնչությամբ:
Հիմնականում շեշտվել է այն տեսակետը, որ բուհերն անընդունելի են համարում մասնաճյուղերի միավորումը: ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով Գյումրիում մշակույթի կամ արվեստի համալսարան հիմնելու կառավարության մտադրությունը, նշել է, որ հիմնական նպատակը Գյումրին մշակութային մայրաքաղաք դարձնելու ծրագրի իրականացումն է:
«Ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, որոնք վերաբերում են նոր բուհի ստեղծմանը, սակայն կարծում եմ՝ կա հստակ թյուրընկալում: Որևէ բուհ Գյումրիում չի փակվում, որևէ ստեղծագործողի վտանգ չի սպառնում, որևէ արվեստի մասնագիտության գոյությունը վտանգված չէ, նման մտադրություն չկա ու չի եղել:
Խոսքն ընդամենը բուհերի վերամիավորման մասին է, որը հնարավորություն կտա Գյումրիում ստեղծել ավելի հզոր ու մրցունակ համալսարան: Հավատացնում եմ, որ նոր համալսարանի հիմնադրումը զուտ տնտեսական առումով պետության համար ավելի ծախսատար է, քան արվեստի բուհերի մասնաճյուղերի պահպանումը: Սակայն կառավարությունն այս պահին պատրաստ է գնալ այդ քայլին: Ժամանակակից կրթության զարգացման միտումները ցույց են տալիս, որ փոքր բուհերն ու բուհերի մասնաճյուղերը չունեն ապագա: Բուհերի խոշորացումն անխուսափելի գործընթաց է, որին վաղ թե ուշ, համոզված եմ, մենք գնալու ենք՝ ավելի որակյալ բուհական կրթություն ապահովելու համար: Շատ կարևոր է, որ դուք՝ ուսանողներդ և դասախոսներդ հավատաք այդ նոր գաղափարին, որովհետև դուք եք լինելու այդ գաղափարի կրողն ու իրականացնողը: Եթե դուք այդ գաղափարին չեք վստահում, մենք չենք կարող հաջողություն ունենալ:
Չէի ուզենա տպավորություն թողնել, թե եկել եմ գյումրեցուն ինչ-որ բան համոզելու: Իբրև կրթության և գիտության նախարար՝ հանձնարարություն եմ ստացել վարչապետից ՝տեղում ծանոթանալ իրավիճակին: Վստահ եղեք, որ ձեր մտահոգությունների ու կարծիքի հետ կառավարությունն անպայման հաշվի է նստելու: Վստահեցնում եմ ձեզ, որ ընդդեմ գյումրեցու հավաքական կարծիքի՝ որևէ քայլ չի արվելու»,- հանդիպման ժամանակ նշել է Ա. Աշոտյանը: ԿԳ նախարարի այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվել է ոգևորությամբ և ծափերով: Այնուհետև նախարարը դիտել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ցուցահանդեսը:
Նախորդող հրապարակումներ՝ Ուսանողները դեմ են կառավարության որոշմանը. Պայքարում են իրավունքի համար
Փոքր բուհերը կմիավորվեն