Ռուսաստանը փոխում է իր սառը վերաբերմունքը Վրաստանի հանդեպ
22/11/2013 17:51

Ռուսաստանը փոխում է իր սառը վերաբերմունքը Վրաստանի հանդեպ

Նոյեմբերի 21-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ՌԴ փոխարտգործնախարար Գ. Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զ. Աբաշիձեի միջև կայացած հերթական հանդիպումն առաջինն էր հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո: Արդեն իրողություն է, որ Վրաստանն ունի նոր նախագահ, նոր վարչապետ, օրենսդիր և գործադիր իշխանությունն այսօր ամբողջությամբ գտնվում է «Վրացական երազանք» կոալիցիայի ձեռքում:

Այս նոր իրավիճակում վրաց-ռուսական հարաբերությունների բարելավմանն ուղղված՝ Իվանիշվիլիի կառավարության ջանքերին ի պատասխան ռուսական կողմի՝ շուրջ մեկ տարի ցուցաբերած «սառը» վերաբերմունքը, կարծես, քիչ-քիչ փոփոխության է ենթարկվում` թույլ տալով ենթադրել, որ հետագայում փոխըմբռնման պայմաններում երկուստեք գործադրած ջանքերը կտան իրենց դրական արդյունքը, և վրաց-ռուսական հարաբերությունները բարելավման տեսանկյունից կթևակոխեն կայուն զարգացման փուլ:

Այս համատեքստում անհրաժեշտ է փաստել որ, Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին հաջորդեց Գ.Կարասինի արձագանքը: Վերջինս դրական էր արտահայտվել ընտրությունների կապակցությամբ` նշելով, որ ռուսական կողմն ուշադիր հետևում է Վրաստանում զարգացող իրադարձություններին:

Իսկ Զ. Աբաշիձեի հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ Վրաստանի նախկին իշխանությունների կողմից արտահայտվող ծայրահեղ թշնամական վերաբերմունքի բացակայության պայմաններում հնարավորություն է ստեղծվում բազմաթիվ խնդիրների լուծման համար: 

Ռուսաստանը փոխում է իր սառը վերաբերմունքը Վրաստանի հանդեպ