.jpg)
Կիևը հրաժարվում է ԵՄ-ի հետ ասոցացումից. Մոսկվայի մեսիջները տեղ հասան
Ուկրաինայի նախարարների խորհուրդը որոշել է դադարեցրել Եվրամիության հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը:
Ուկրաինայի ղեկավարությունը նաև որոշում է կայացրել ակտիվացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի, Մաքսային Միության անդամ երկրների և ԱՊՀ-ի հետ: Կիևում Արևմուտքի հետ քաղաքական և տնտեսական մերձեցման վեկտորը Արևելյան՝ռուսական վեկտորով փոխարինելու հանգամանգը բացատրում են ազգային անվտանգության նկատառումներով:
Կիևի անսպասելի որոշումը բավականին կոշտ արձագանք գտավ եվրոպացի պաշտոնյաների մոտ, որոնք սակայն Ուկրաինայի այդ որոշումը պայմանավորեցին Ռուսաստանի ճնշումների հետ:
Պետք է նշել, որ Ուկրաինայի այդ որոշումը պայմանավորված է մի քանի ամիս տևած տնտեսական, դիվանագիտական ճնշումների և մեսիջների հետ, որոնք գալիս էին Մոսկվայից, որը պատրաստվում էր փակել իր շուկան ուկրաինական արտադրողների համար, խնդիրներ առաջացնել Ռուսաստանում աշխատող ուկրաինացի միգրանտների համար և օգտագործել այլ լծակներ նույնպես:
Ուկրաինայի այդ որոշումը պայմանավորված է երկրի ազգային անվտանգության ապահովման տրամաբանությամբ, քանի որ ռուսական շուկայում ուկրաինական արտադրանքի համար խնդիրներ առաջացնելը արդեն հանգեցրել էր Ուկրաինայի արևելյան շրջաններում բազմաթիվ գործարանների փակման, սոցիալական մեծ լարվածության, որը կարող էր պայթյունավտանգ իրավիճակ առաջացնել Ուկրաինայում:
Մոսկվան օգտագործեց նաև ԵՄ-ից՝ Ուկրաինային ուղղված տնտեսական, ֆինանսական կոնկրետ առաջարկությունների բացակայության հանգամանքը, որոնք կփոխհատուցեին Ուկրաինայի դեպի ԵՄ-ն ուղղված դրեյֆի բացասական հետևանքները: Ուկրաինան տնտեսական մեծ կախվածություն ունի ռուսական շուկայից, ուկրաինական արտադրանքը՝գյուղատնտեսական, մետաղական, քիմիական և այլն կազմում է Ուկրաինայի՝ արտահանման հիմքը դեպի ռուսական շուկա:
Ռուսաստանը հանդիսանում է Ուկրաինայի համար հիմնական տնտեսական գործընկեր: Այսպես, Ուկրաինայի արտահանման 23 %-ը բաժին է հասնում ՌԴ-ին, Ուկրաինան այս տարի Ռուսաստան է արտահանել 2.4 միլիարդ դոլարի ապրանք, իսկ ներմուծել՝3.7 միլիարդի:
Ուկրաինան էներգետիկ՝ գազային մեծ կախվածություն ունի ռուսական կողմից, որը դժվար թե հնարավոր լինի փոխարինել այլ էներգակիրներով, բացի այդ, երկիրը գազի դիմաց վճարելու հետ կապված խնդիրներ ունի: Ուկրաինական տնտեսությունը սերտորեն կապված լինելով ռուսական տնտեսության հետ, ունի նաև արդիականացման կարիք, ինչի մասին հայտարարել էր երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ըստ նրա, եվրոպական չափանիշներին երկրի տնտեսությունը համապատասխանցնելու համար հարկավոր է 160 միլիարդ եվրո: ԵՄ-ը երկրները այդ գումարները չեն առաջարկել Ուկրաինային, իսկ զրկվել ուկրաինական ապրանքների սպառման ռուսական շուկայից այս պահին ինքնասպանություն կլիներ Կիևի համար:
Ուկրաինան ՌԴ-ի համար ունի կարևոր նշանակություն թե տնտեսական, թե ռազմաքաղաքական՝ Ղրիմում է տեղակայված ռուսական սևծովյան նավատորմի ռազմակայանը, աշխարհաքաղաքական՝ դեռևս Զբիգնև Բժեզինսկին էր գրում, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանը չի կարողանալու վերածվել եվրասիական կայսրության, այնպես էլ քաղաքակրթական առումներով՝ սլավոնական և ուղղափառ միևնույն ծագում և լեզվամշակութային ընդհանրություններ:
Ուկրաինայի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը այս պահին ապահովում է այդ երկրի տնտեսական կայունությունը, հնարավորություն տալով ուկրաիանական կողմին խուսափել սոցիալական մեծ ցնցումներից, ինչպես նաև ժամանակ շահել ԵՄ-ից նոր ազդակներ ստանալու և ռուսական կողմից առաջարկություններ լսելու համար:
Չետք է մոռանալ, որ Ուկրաինայում 2015թ.-ին նախագահական ընտրություններ են կայանալու և Մոսկվան՝Ուկրաինայի ռուսամետ դիրքորշման դեպքում կարող է աջակցել գործող իշխանություններին և նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝իր լծակները օգտագործելով Ուկրաինայի ռուսախոս և ռուսամետ արևելյան և հարավային շրջաններում գործող նախագահի համար բարձր ցուցանիշներ ապահովելու տեսանկյունից:
Նշենք, որ Յանուկովիչը 2010թ.-ին ընտրվելով Ուկրաինայի նախագահ և համարվելով Մոսկվայի համար ընդունելի թեկնածու, նույն թվականին լուծարեց նախկին նախագահ Յուշենկոյի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, ինչից հետո հանդիպելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Խարկովում ստորագրեց ռուսական նավատորմի ներկայությունը Ղրիմում՝25 տարով երկարաձգելու համաձայնագիրը:
Այսպիսով, Ուկրաինայի նախօրեին կայացած որոշումը պայմանավորված է ինչպես տնտեսական հաշվարկներով, այնպես էլ Ռուսաստանի կողմից տարբեր գործիքակազմերով ճնշումներին դիմագրավելու իրական հնարավորության բացակայությամբ: