Տարածաշրջանային բլոգ. Միջնորդն ընդամենը հաշտարար է, և ոչ՝ դատավոր
23/11/2013 19:39

Տարածաշրջանային բլոգ. Միջնորդն ընդամենը հաշտարար է, և ոչ՝ դատավոր

Վերջին շրջանում առավել հաճախակի են հնչում տարաբովանդակ քննադատական հայտարարություններ և մոտեցումներ՝ ուղղված միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի ներկա համակարգի դեմ՝ պայմանավորված հատկապես առկա միջազգային հիմնախնդիրների հանգուցալուծման անկարողության հանգամանքով. սրա ամենաթարմ օրինակը Սաուդյան Արաբիայի ցուցադրական դեմարշն էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեմ, երբ Էր Ռիադը, պատճառաբանելով միջազգային այս կառույցում գործող երկակի ստանդարտների առկայության հարցը, հրապարակայնորեն հրաժարվեց ոչ մշտական անդամի իր կարգավիճակից:

Միջազգային իրավունքի ներկա համակարգն ու դրա հիմնական սկզբունքներն ամրագրում են, որ բոլոր պետությունները պարտավոր են կարգավորել իրենց միջև ծագած խնդիրները, վեճերը խաղաղ ճանապարհով՝ չվտանգելու համար միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:

Միջազգային վեճերի խաղաղ լուծման սկզբունքը փաստում է, որ պետությունները պետք է լուծեն իրենց միջև ծագած վեճերը խաղաղ ճանապարհով, ինչպես նաև՝ պետություններն ազատ են իրենց վեճերի լուծման միջոցների ընտրության հարցում, և եթե խաղաղ միջոցներից մեկի կիրառումը չի հանգեցրել վեճի հանգուցալուծմանը, ապա պետությունները պետք է դիմեն այլ խաղաղ եղանակի:

ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային վեճի մասնակիցները նախ և առաջ պետք է ձգտեն խնդիրը լուծել բանակցությունների, ուսումնասիրության, միջնորդության, հաշտեցման, արբիտրաժի, դատական քննության, տարածաշրջանային կամ միջազգային մարմիններին դիմելու, կամ իրենց ընտրությամբ՝ որևէ այլ խաղաղ ճանապարով:

Հիմնախնդիրների կարգավորման ժամանակակից ամենատարածված եղանակը վեճի մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ որևէ երրորդ կողմի միջնորդությամբ (վեճին չմասնակցող պետություն կամ պետությունների խումբ, մասնավոր անհատ, միջազգային կազմակերպություն) խնդրի կարգավորման փորձերն են: Նման դեպքերում միջնորդին վերապահված իրավունքներից կարելի է առանձնացնել խաղաղ բանակցությունների կազմակերպումը, դրանց մասնակցելը, հաճախ նաև ղեկավարելը, տարբեր առաջարկների, անգամ խնդրի կարգավորման տարբերակների ներկայացումը, որոնք, սակայն, ունեն խորհրդատվական նշանակություն, այսինքն՝ ոչ պարտադիր բնույթ, հետևաբար, վեճի մասնակիցները լիարժեք իրավունք ունեն՝ հրաժարվելու միջնորդի առաջարկած հանգուցալուծման տարբերակներից:

Դիտարկելով միջազգային հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միջազգային իրավունքում ամրագրված վերոնշյալ դրույթները վերջին մի քանի ամիսների ընթացքում Երկիր մոլորակի մի շարք պայթյունավտանգ տարածաշրջաններում միջազգային հանրության կողմից գործադրվող՝ լարվածության թուլացմանն ուղղված ակտիվ քայլերի համատեքստում՝ պետք է փստել, որ առնվազն ձևական առումով միջազգային հանրությունն իրացնում է միջազգային իրավունքով իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները: Ավելին, 2013թ. տեղի ունեցող գործընթացները և հատկապես դրանցում ԱՄՆ-ի ակտիվ միջնորդական դերակատրությունը որոշ առումներով հիշեցնում է հեռավոր 1973թ., երբ այդ ժամանակի մի շարք առանցքային հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում ունեցած լրջագույն ավանդի համար ԱՄՆ-ի պետքարտուղար Հենրի Քիսինջերն արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի:

Իսկ ի՞նչ միջնորդական քայլեր է գործադրում միջազգային հանրությունը միջազգային լարվածության թուլացման հարցում այսօր: Ս.թ. հուլիսի վերջին Վաշինգտոնի ակտիվ ջանքերի շնորհիվ շուրջ եռամյա դադարից հետո վերսկսվեցին պաղեստինաիսրայելական բանակցությունները, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ռուս-ամերիկյան էֆեկտիվ համագործակցության արդյունքում ՄԱԿ-ի ԱԽ-ը միաձայն ընդունեց 2118 բանաձևը՝ Սիրիայի քիմիական զինանոցը ոչնչացնելու վերաբերյալ. փաստաթուղթն ամրագրում է նաև ավելի քան 2.5 տարի շարունակվող սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման իրավական շրջանակներն, իսկ շահագրգիռ կողմերն զբաղված են խնդրի քաղաքական հանգուցալուծմանը նվիրված «Ժնև 2» միջազգային համաժողովի կազմակերպման գործով: Հաջորդ կարևոր տեղաշարժը Իրանի միջուկային ծրագրի խաղաղ հանգուցալուծման հարցում տեղի ունեցող գործընթացներն են՝ սկիզբ առած այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում նոր քաղաքական թիմի կողմից իշխանությունը ստանձնելուց հետո. այս օրերին Ժնևում տեղի ունեցող բանակցությունների հերթական շրջափուլը Իսլամական Հանրապետության և միջազգային «վեցյակի» պատվիրակությունների միջև հիմնախնդրի դրական հանգուցալուծման հարցում էական պայմանավորվածությունների հանգելու լուրջ հույսեր են ներշնչում: Իսկ նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերով Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը՝ երկու երկրների առաջնորդների վերջին հանդիպումից շուրջ երկու տարի ընդմիջումից հետո, վկայում է նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հարցում միջազգային հանրության ուշադրության մասին:

Ինչ խոսք, այս բոլոր օրինակներում խոսքը գնում է ընդամենը գործընթացների ակտիվացման մասին, այլ ոչ բնավ հիմնախնդիրների վերջնական հանգուցալուծման:

Այսինքն՝ միջազգային հանրության ծավալած ջանքերի շնորհիվ ընդամենն առկա են գործընթացներ, ասել է, թե՝ ապահովվում է երևույթների միայն ձևական կողմը: Բայց չէ՞ որ միջազգային հանրությանը, միջազգային իրավունքի նորմերով վերապահված են ընդամենը միջնորդի լիազորություններ, որոնք էլ, փաստորեն, իրականցվում են հավուր պատշաճի: Իսկ եթե խնդիրները վերջնականապես չեն հանգուցալուծվում, ապա դրանում մեղավոր են հենց հակամարտ կողմերը. ի վերջո, միջնորդն ընդամենը հաշտարար է, և ոչ՝ դատավոր, և նրա առաջարկությունները պարտադիր չեն վիճող կողմերի համար: 

Տարածաշրջանային բլոգ. Միջնորդն ընդամենը հաշտարար է, և ոչ՝ դատավոր