Ադրբեջանում Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակցին վտարել են երկրից
23/11/2013 18:18

Ադրբեջանում Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակցին վտարել են երկրից

Բաքուն շարունակում է Իրանի ներկայացուցչությունների նկատմամբ ճնշում գործադրելու քաղաքականությունը: Այս մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Բաքուն, խախտելով Վիեննայի կոնվենցիայի դրույթները, Ադրբեջանում Իրանի մշակույթի կենտրոնի վարչական հարցերով պատասխանատուին ձերբակալել է 3 ժամով, այնուհետև ստիպել, որպեսզի վերջինս 48 ժամվա ընթացքում լքի երկիրը:

Շարունակելով թեման՝ «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը հավելում է. «Ադրբեջանը 1390 թվականի ազար ամսից ի վեր (2011թ.) ծառայողական անձնագրեր ունեցող Իրանի ներկայացուցչությունների 8 աշխատակցի ստիպել է լքել երկիրը, կամ արգելել է նրանց մուտք գործել Ադրբեջան:

Հակառակ Իրանի վարած բարեկամական քաղաքականության՝ նախորդ տարիներին Ադրբեջանն ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցչության, ԻԻՀ հեռուստառադիոընկերության և ԻԻՀ մշակույթի կենտրոնի աշխատակիցներին թույլ չի տվել մուտք գործել երկիր և նրանք Բաքվի օդանավակայանից կամ ցամաքային սահմանից հետ են վերադարձել Իրան»:

«Իրանի ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելը կամ դրանց աշխատակիցներին վտարելու Ադրբեջանի գործողություններն այն պարագայում են իրականացվում, երբ Թեհրանի՝ Բաքվին ցուցաբերվող ռազմավարական աջակցությունը շարունակվում է՝ ապահովելով Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապը: Ավելին, Իրանը ձեռնպահ է մնացել պատասխան քայլեր իրականացնելուց. նույնիսկ համաձայնություն է տվել Իրանում Ադրբեջանի մշակութային կենտրոն հիմնելու Բաքվի խնդրանքին: Ակնկալում ենք, որ Իրանի կառավարությունը արժանի պատասխան կտա Ադրբեջանի Հանրապետության սատանայություններին և կկանխարգելի վերջինիս կողմից շարունակվող գործողությունները»,- եզրափակում է «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը: 

Ադրբեջանում Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակցին վտարել են երկրից