Բժշկուհի. Ամուսինները գալիս են, հղիացնում ու գնում
23/11/2013 18:05

Բժշկուհի. Ամուսինները գալիս են, հղիացնում ու գնում

Վերջին տարիներին Ալավերդի քաղաքի ծննդաբերական բաժանմունքում տարեկան գրանցվում է մոտ 400 ծնունդ, տարիներ առաջ ծնունդերի թիվը 1000-1200 էր: 2000-ականների սկզբներին արատներով հղիությունների թիվը, ըստ Ալավերդու ծննդաբերական բաժանմունքի կոնսուլատցիայի վարիչ, բժշկուհի Ռոզա Մարգարյանի, 10-12 էր, սակայն վերջին տարիներին այդ թիվը նվազել է. այս տարի գրանցվել է երկու արատավոր հղիության դեպք, որոնք ուղարկվել են Երևան` արհեստական ընդհատման:

Ըստ նրա՝ տոկոսային հարաբերակցությամբ, Ալավերդիում արատավոր ծնունդները ավելին չեն, քան մեկ այլ վայրում, նաև հնարավոր չէ զրոյացնել արատավոր հղիությունների քանակը:

Մինչև 22 շաբաթական հղիության դեպքում` պտղի մոտ արատների հայտնաբերման պարագայում, կատարվում է արհեստական ընդհատում:

Բժշկուհին շեշտեց, որ եթե պտղի մոտ հայտնաբերվում է կյանքի հետ համատեղելի արատ` մորը տեղեկացնում են այդ մասին, հիշատակեց նման դեպք վերջին շրջանում գրանցված, երբ մորը տղեկացրել են, որ երեխայի մոտ հայտնաբերվել է որովայնի խոռոչի կիստա, ու մայրը պնդել է, որ երեխային կունենա:

Ռ. Մարգարյանը նաև այն կարծիքին չէ, որ Ալավերդիում արատավոր ծնունդերը, հիմնականում, կապված են Ալավերդիում գործող հանքարդյունաբերության հետ. նա կարծում է, որ այդ ուղղությամբ հետազոտություններ է պետք անցկացնել:

Արատավոր հղիությունների հետ կապված՝ նա նշեց սոցիալական վատ պայմանները, ժառանգականության գործոնը, սեռավարակները, որոնք ամուսինները, հիմնականում, «ներկրում են» արտագնա աշխատանքներից վերադառնալով և այլն:

Դժվարություն կա խնդրի մեջ խորանալու, երբ հղիի մոտ հայտնաբերվում է սեռավարակ, տեղեկացնում են մաշկավեներոլոգին, ով զբաղվում է ամուսնու խնդրով: Բայց, հիմնականում, «ամուսինները գալիս են հղիացնում են կանանց ու գնում»,- ասում է բժշկուհին:

Նշենք, որ Ալավերդու ծննդաբերական բաժանմունքը շուտով կտեղափոխվի նորակառույց հիվանդանոց, իսկ ներկայումս գործում է Խորհրդային միությունից մնացած գործարանային շենքի տարածքում:

«Մենք անգամ խալաթներն ենք թողնելու այստեղ, իսկ նորակառույց հիվանդանոցում արդեն բուժսարքավորումներով ապահովված ենք»,- ասաց Ռոզա Մարգարյանը:

Պետք է փաստել, որ Ալավերդու օդային ավազանը` մաքրության առումով, համարվում է ամենաղտոտված շրջաններից մեկը, քաղաքի հարևանությամբ գործում է պղնձաձուլական գործարանը:

Ալավերդու բնապահպանական ծանր վիճակը մեղմելու նպատակով մի քանի տարի առաջ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարը 780 մ բացարձակ բարձրությունից տեղափոխվեց 1078 մ բացարձակ բարձրության վրա` Կոշաբերդ սարի գագաթ. արդեն այստեղից է ծուխը տարածվում և՛ մերձակա անտառի, և՛ Ալավերդի քաղաքի վրա:

Առողջապահության նախարարության հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչությունը հանքարդյունաբերության հարող տարածքներում հետազոտություն է կատարում, պարզելու համար իրավիճակը, սակայն արդյունքները դեռևս հրապարակված չեն: 

Բժշկուհի. Ամուսինները գալիս են, հղիացնում ու գնում