«Ռեալը» Լևանդովսկու համար պայքարում հաղթաթուղթ ունի
23/11/2013 15:37

«Ռեալը» Լևանդովսկու համար պայքարում հաղթաթուղթ ունի

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը սպասում է Ռոբերտ Լևանդովսկու ներկայացուցչի զանգին: Չնայած այն բանին, որ Դորտմունդի «Բորուսիայի» լեհ ֆուտբոլիստը նախնական պայմանավորվածություն ունի «Բավարիայի» հետ և կոնկրետ առաջարկ է ստացել «Չելսիից», «Ռեալը» դուրս չի գալիս Լևանդովսկու տրանսֆերի համար մղվող պայքարից:

Բանն այն է, որ վերջերս «Ռեալի» նախագահը բանակցություններ է վարել գործակալ Սեզարի Կուչարսկու հետ, և սպասվում է, որ մոտ ժամանակներս Լևանդովսկու ներկայացուցիչը Պերեսի հետ հեռախոսազրույցում ավելի կոնկրետ կքննարկի Ռոբերտի ապագայի հարցը:

Իսպանական ակումբի համար գլխավոր խոչընդոտը, իհարկե, այն է, որ Լևանդովսկին պայմանավորվածություն ունի «Բավարիայի» հետ: Ճիշտ է` Գվարդիոլան սկսել է կասկածել, որ զգում է Լևանդովսկու կարիքը: Դա, իհարկե, հնարավորություն կտա «Ռեալին» ու «Չելսիին», որոնք ուշադիր հետևում են իրավիճակին:

Սակայն «Ռեալը» մտադիր է անվճար ձեռք բերել «Բորուսիայի» հարձակվողի տրանսֆերը և ունի լավ խաղաթուղթ. կարող է անձնական շռայլ պայմանագիր առաջարկել լեհ ֆուտբոլիստին: Իսպանական գրանդն այնպիսի գումարներ կարող է առաջարկել Լևանդովսկուն, որից վերջինս պարզապես չի կարողանա հրաժարվել:

Հիշեցնենք, որ ձմռանը Լևանդովսկին կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ, քանի որ «Բորուսիայի» հետ նրա պայմանագրի ժամկետը կլրանա 2014 թ. ամռանը, որից հետո ազատ խաղացողի կարգավիճակ կստանա:

«Ռեալը» Լևանդովսկու համար պայքարում հաղթաթուղթ ունի