.jpg)
Հայերին գրավում է ծովը և տաք կլիման, մանավանդ՝ Ամանորին
2013 թ-ի առաջին 9 ամիսներին 677 906 զբոսաշրջիկ է ժամանալ Հայաստան, այս ցուցանիշը 2012 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12. 4 տոկոսով: Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 678 786 զբոսաշրջիկ. Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.6 տոկոսով:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայերի զբոսաշրջային, նաև ամանորյա հանգստի նախընտրած վայրերից առանձնացրեց տաք կլիմա և ծով ունեցող երկրները՝ Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրաթներ, միջերկրածովյան երկրներ, Բուլղարիա, նաև՝ ուղևորվում են եվրոպական երկրներ:
Նա նաև նշեց, որ Հայաստանում հանգստյան տների առաջարկների աճ է նկատվում, ինչի արդյունքում հավանական է գների նվազում. Նախընտրելի հանգստյան գոտիները պահպանվել են՝ Ծաղկաձոր, Դիլիջան, Աղվերան, Ջերմուկ. «Կարևոր է, թե հանսգտյան տներն ինչ միջոցառումեր են առաջարկում Ամանորին»:
Օրինակ Աղվերանի հանգստյան տներից մեկում ամանօրյա տոներին մեկ օրվա համար հաճախորդը ստիպված կլինի վճարել 43 000 դրամ: Այս հյուրանոցում, սակայն, թանկության մասին առանձնապես չեն մտահոգվում: Արդեն այսօր նրանց մոտ ազատ համարներ չկան:
Դեբեդի կիրճում գտնվող «Ավան Ձորագետ» հյուրանոցում ամանորյա շրջանում մեկ օրն արժե մոտավորապես 100 հազար դրամ, հյուրանոցի 120 տեղերն արդեն պատվիրված են:
Ծաղկաձորի Գրողների միության ստեղծագործական տնից հայտնեցին, որ Ամանորյա տոնական փաթեթների վաճառքն արդեն ավարտվել է. սովորաբար ավելի վաղ է ավարտված լինում, սակայն այս տարի մի փոքր ձգձգվել է:
«Սովորաբար Գրողների ստեղծագործական տանը լինում են մշտական հաճախորդներ»,- ասացին կենտրոնից՝ նշելով, որ Ամանորի տոներին որևէ գրող չի կարող գրողների հանգստյան համար նախատեսված կենտրոնում ամենամյա ուղեգրով հանգստանալ:
Նշենք, որ գրողների համար նախատեսված է անվճար ամենամյա 6-օրյա, 12-օրյա և18-օրյա հանգիստը անվճար է:
Նորդ-Օստ զբոսաշրջային գործակալությունից փոխանցեցին, որ տրամադրում են ամանորյա ուղեգրեր Դուբայ` 1100 դոլարով՝ 8 օրվա համար, նաև՝ Հորդանան, Եգիպտոս, Իսպանիա: Ինչ վերաբերում է Եգիպտոս չվերթերին, փոխանցեցին, որ Եգիպտոսի չվերթերը վերականգնվել են, իրավիճակը նորմալ է, հատկապես կուրորտային շրջանները հեռու են գտնվում Կահիրեից և անվտանգ են:
«Հայերը նախընտրում են Դուբայում հանգստանալ»,- փոխանցեցին գործակալությունից՝ հավելելով, որ այս տարի ևս ակտիվություն նկատվում է. Դուբայում հետաքրքիր կառույցներ կան, շինություններ, եղանակը տաք է, ծովը
մարդկանց գրավում է: