.jpg)
«Մխիթարյանը պետք է հանդես գա գրոհների կազմակերպչի դերում»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Բունդեսլիգայի հերթական տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալելու է Մյունխենի «Բավարիային»: Դաշտի տերերն այս հանդիպումից առաջ լուրջ կորուստներ ունեն. շարքից դուրս են եկել կենտրոնական պաշտպաններ Հումմելսը և Շմելցերը: «Բավարիան» նույնպես կորուստ ունի. վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի Ֆրանկ Ռիբերին:
Անդրադառնալով այդ հանդիպմանը` bvb-russia.com-ը հատուկ շեշտում է, որ այսօր շատ բան կախված կլինի «Դորտմունդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղից:
«Բորուսիայի» հարձակման գիծը լավագույնն է ընթացիկ առաջնությունում` 32 գոլ,- գրում է աղբյուրը:- Եվ հնարավոր է, որ պաշտպանությունում առկա խնդիրների ֆոնին շեշտը դրվի հարձակման գծի վրա: Եվ միայն Նուրի Շախինի հետ չեն հույսեր կապվում: Դա վերաբերվում է նաև փլեյմեյքեր Հենրիխ Մխիթարյանին, ով այսօր պարտավոր է պատասխանատվություն վերցնել իր վրա, քաջություն դրսևորել և հանդես գալ գրոհների կազմակերպչի դերում: Այն, որ նա կարողանում է այդպիսին լինել, հրաշալի է ապացուցել, օրինակ, «Շալկեի» հետ խաղում: Ինչպես նաև «Արսենալի» հետ խաղում նա իրեն դրսևորեց բարձր մակարդակով` անհրաժեշտ պահին պատասխանատվություն վերցնելով իր վրա: Հենց դա էլ այսօր կպահանջվի նրանից»: