.jpg)
Մեկ հետազոտական ինստիտուտը իր հետևից կարող է տանել երկրի տնտեսությունը
2012 թ-ին գիտության պետական կոմիտեի բյուջեն կազմել է 11.3 մլրդ դրամ, 2014 թ-ի բյուջեի նախագծով առաջարկվում է 12.66 մլրդ դրամ:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Aysor.am-ին ներկայացրեց կառույցի վերջին տարիների աշխատանքը՝ այդ թվում կարևորելով անկախ փորձագիտական համակարգի ձևավորումը: Գիտության պետական կոմիտեի ջանքերով ստեղծվել է 1500 փորձագետներից կազմված բազա, որում 300-ը սփյուռքահայեր են, 200-ը` արտասահմանցի, 1000-ը՝ Հայաստանում բնակվող գիտնականներ:
«ԱՊՀ տարածքում ամենահաջողվածը մեր փորձագիտական համակարգն է: Մենք վերցրել ենք միջազգային լավագույն փորձը և տեղայնացրել»,- նշեց պարոն Հարությունյանը՝ հավելելով, որ շատ երկրներ գալիս են Հայաստան՝ համակարգն ուսումնասիրելու, նաև մեզնից ուզում են գնել այդ համակարգը. «Գիտպետկոմը, համակարգը մշակելիս, հաշվի է առել տարբեր երկրների ոչ միայն փորձը, նաև՝ սխալները»:
Անկախ փորձագիտական համակարգը ստեղծված է գիտական թեմաների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Թեմատիկ հայտերը ներկայացվում են երկլեզու. երկու լեզուներով ծրագրերի օն լայն ստացում ոչ մի երկրում դեռեւս չեն անում:
Ներկայացված ծրագրերը փորձագետների կողմից գնահատվում են կից տրվող հարցաշարում գնահատականներ դնելու միջոցով: Գնահատվում է հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտական թեմայի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:
Ներկայացված յուրաքանչյուր ծրագրին հավանություն է տրվում` ելնելով անկախ փորձագետների միջինացված միավորից և հանձնաժողովի թիմի գնահատականից:
Ինչ վերաբերում է ծրագրերի ֆինանսավորմանը, ապա պարոն Հարությունյանը նշեց, որ չնայած գիտության հատկացված բյուջեն դեռ քիչ է, սակայն բավականին արդյունավետ է կիրառվում: Այնուամենայնիվ, կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ կան բազմաթիվ հաջողված ծրագրեր, որոնք կֆինանսավորվեն բյուջեի ավելացման պարագայում:
Օրինակ, 2013 թ-ին ֆիզիկայի ոլորտում կարող էին 40 ծրագիր ֆինանսավորել, սակայն 30 ծրագիր է ֆինանսավորել. գումարը չի հերիքել:
Հայաստանն ավանդաբար ուժեղ է բնագիտության ոլորտներում: Որոշակի տեղաշարժ է նկատվում նաեւ հայագիտության և հումանիտար ոլորտներում. ավելացել են միջազգային հրապարակումները, գիտական թեմաների քանակը:
Խոսելով գիտության ոլորտում արտագաղթի մասին, Գիտպետկոմի նախագահը դրա մեջ վատ բան չի տեսնում, սակայն կարևորում է, որ գիտնականները ոչ միայն դուրս գնան աշխատեն, այլև՝ վերադառնան և Հայաստանում զբաղվեն հետազոտական աշխատանքներով:
«Գիտնականները եթե հրավիրվում են արտերկրում աշխատելու, դա նաև նշանակում է, որ մեր գիտնականները պահանջված են դրսում: Այնտեղ նրանք կարողանում են զբաղվել հետազոտությամբ, պահպանել իրենց գիտական մակարդակը»,- ասաց նա:
Իսկ, ընդհանրապես, ողջ աշխարհում է այդպես. որտեղ գիտնականին ավելի են վճարում և կան լավ աշխատանքային պայմաններ` գիտնականները գնում-աշխատում ու վերադառնում են:
Գիտելիքահեն տնտեսություն ունենալու համար կոմիտեի նախագահն առաջարկում է ստեղծել հետազոտական համալսարաններ: «Համաշխարհային փորձից ելնելով կարող եմ նշել, որ այդ համալսարաններն իրենց բյուջեի 45-50 տոկոսը ծախսում են գիտության վրա, դասախոսներն ընտրվում են միջազգային մրցույթով, ծրագրերը արագ թարմացվում են, ունեն իրենց տեխնոպարկերը, բիզնես-ինկուբատորները և այլն»:
Տեխնոլոգիական հետազոտական համալսարանի գործարկմամբ Հայաստանի տնտեսությունը կզարգանա, երիտասարդ գիտնականների համար հրաշալի դարբնոց կլինի. մեկ նման ինստիտուտը իր հետևից կարող է տանել Հայաստանի տնտեսությունը:
Պետք է նշել, որ ԱՄՆ-ի 4000 համալսարաններից 200-ը հետազոտական է, ՌԴ-ն ունի 17 հետազոտական համալսարան, իսկ Հայաստանում այն դեռևս չկա: