Երևանում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարը
23/11/2013 14:02

Երևանում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարը

Երևանում մեկնարկել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարը:

Համագումարի բացման խոսքում Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը ողջունելով ՍԴՀԿ-ի համագումարի մասնակիցներին նշեց, որ կուսակցությունը ուրախությամբ ընդունեց այս համագումարին մասնակցելու հրավերը:

«Ավանդական կուսակցությունները ՀՀ-ում և Սփյուռքում մեծ հեղինակություն և գործառույթներ, ցավոք, առայժ չունեն»,-նշեց Ս. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ՍԴՀԿ-ն ունի մեծ առաքելություն և հայ ժողովրդի մի մեծ հատված կրում է այն գաղափարները, որով առաջնորդվում է Հնչակյան կուսակցությունը:

«Մենք սատարում ենք ՍԴՀԿ-ի բոլոր հետագա հայրենանպաստ գործառույթներին: Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք համագումարին՝ ի փառս հայ ժողովրդի և Հայաստանի»,-նշեց Սարգսյանը:

Համագումարին իր ողջույնի խոսքով հանդես եկավ նաև տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Ես ողջունում եմ համագումարի մասնակիցներին և հույս ունեմ, որ ՍԴՀԿ-ն իրեն դրականորեն կդրսևորի Հայաստանում և ես կիսում եմ այս կուսակցության գաղափարները»,- նշեց Թ. Մանասերյանը:

Նրա խոսքով՝ իր համար սոցիալ-դեմոկրատական արժեքները անփոխարինելի են և 21-րդ դարում առանց այդ գաղափարների անհնար է հաջողություններ գրանցել:

Մանասերյանը հաջողություն մաղթեց ՍԴՀԿ-ին, այդ թվում ՀՀ-ի տնտեսության զարգացման գործում հնարավոր մասնակցության առումով: 

Երևանում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարը