.jpg)
Ազատություն` Հոկտեմբերի 27-ի վկայի սպանությունը խոստովանելու դիմաց. 1in.am
«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով) խոստացել էր այսօր կայանալիք դատական նիստին ուշագրավ բացահայտումներ անել ՀՀ արդարադատության համակարգում առկա ապօրինությունների, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության, Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Ստեփանի Առաքելյանի սպանության գործերի մասին:
Ըստ «Առաջին լրատվականի»` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Արթուր Այվազյանի գործով դատական նիստը, որի ժամանակ, սակայն բացահայտումներ չհնչեցին, քանի որ նիստը շատ կարճ տևեց: Մանախը բացարկ է հայտնել դատավոր Աշոտ Մանուկյանին: Նա արդեն բավական ժամանակ է՝ բարձրաձայնում է այդ դատավորի կողմից կայացված որոշումների դեմ, դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է արդարադատության խորհուրդ, դատական դեպարտամենտ, դատարանների նախագահներին, արդարադատության նախարարին ու գլխավոր դատախազին: Արթուր Այվազյանը համոզված պնդում է, որ այդ դատավորը, որին ինքը ցանկանում է քրեական պատասխանատվության ենթարկեն, չի կարող անաչառ քննել իր գործը: Դատավորը, սակայն մերժել է բացարկի միջնորդությունը՝ համարելով, որ ինքն անկողմնակալ է այս գործով:
Չնայած Մանախի խոստացած բացահայտումները չեն հնչել, նա չի մտափոխվել, և եթե ամեն ինչ իր հունով գնա, դրանք կհնչեն հաջորդ նիստին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ նրա հայտարարությունները վերաբերելու են Հոկտեմբերի 27-ի գործով ամենակարևոր վկաներից Սամվել Առաքելյանի սպանության հանգամանքներին:
Առաքելյանը շատ ուշագրավ տեղեկությունների էր տիրապետում Հոկտեմբերի 27-ի գործով: Նա սպանվեց հոկտեմբերի 14-ին, երբ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 18-ին դատարանում պետք է հայտարարություններ աներ Վահրամ Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների կազմակերպման վերաբերյալ: Սակայն բանը դրան չհասավ, և հոկտեմբերի 14-ին նրա դիակը հայտնաբերվեց Հաղթանակ կամրջի տակ:
Մանախի մայրը մեզ հետ զրույցում հաստատեց, որ որդու փոխանցմամբ՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Խաչատրյանը «քաղաքական իշխող ռեժիմի անունից» որդուն առաջարկել է խոստովանել, մեղայական ցուցմունք տալ այն մասին, որ ինքն է պատվիրել և կազմակերպել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Առաքելյանի սպանությունը: Իսկ դրա դիմաց Այվազյանին ՔԿՀ-ի պետը խոստացել է ներկայացնել պայմանական վաղաժամկետ ազատման:
Նշենք, որ Մանախը դատապարտվել է հենց Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար: Նա, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել: «Առաջին լրատվականի» տեղեկություններով՝ այս գործարքի կապակցությամբ Արթուր Այվազյանը մի քանի ամիս առաջ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում, ցուցմունքներ է տվել, սակայն ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմ չտեսնելով ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից դատապարտյալին առաջարկվող գործարքի մեջ: ՀՔԾ-ն նույնիսկ քրեական գործ չի հարուցել դատապարտյալի նկատմամբ՝ սուտ մատնության մեղադրանքով, ինչը ևս տարօրինակ է: Անգամ ծառայողական քննություն չի նշանակվել մանրամասները պարզելու համար:
Մեզ պատմեցին, որ ՀՔԾ-ի ներկայիս պետ Վահրամ Շահինյանը դեռևս 2001 թվականից է շահագրգռված եղել Այվազյանից Առաքելյանի սպանության գործով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար: Եվ եթե հիմա քրեական գործ հարուցվի, ապա ուշագրավ մանրամասներ կարող են ջրի երես դուրս գալ, ինչը բնավ դուր չի գա Շահինյանին: Մեզ պատմեցին նաև, որ ցուցմունքներ կորզելու գործով շահագրգռված են եղել նաև նախկին գլխավոր դատախազներ Գագիկ Ջհանգիրյանը, Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչը) և մի քանի այլ պաշտոնյաներ, սակայն Մանախը հրաժարվել է բոլոր տեսակի գործարքներից: Իսկ հիմա վերջինս դատարանում պատրաստվում է հայտարարել, որ Սամվել Առաքելյանը սպանվել է որպես Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն ինֆորմացիա կրողներից մեկը: Բացի այդ, նա պատրաստվում է ներկայացնել որոշ մանրամասներ ևս, ինչը կարող է լույս սփռել Վահրամ Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների վրա, ինչպես նաև Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ կազմակերպված մահափորձի, որոնք մինչ օրս չբացահայտված են մնում և ըստ էության շղթայական կապ ունեն:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: