Վարդան Սեդրակյան. Համոզված եմ՝ Հայաստանի 4-րդ նախագահն եմ դառնալու
25/11/2013 18:18

Վարդան Սեդրակյան. Համոզված եմ՝ Հայաստանի 4-րդ նախագահն եմ դառնալու

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Ամբաստանյալները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և գործը ուղարկել նոր քննության: Պ. Հայրիկյանը նորից անդրադառնալով մահափորձին, նշեց, որ դրա հետքերը տանում են ՌԴ, իսկ որպես ապացույց հիշատակեց ՌԴ քաղաքացիների կողմից Վ. Սեդրակյանին փոխանցած 100000 դոլարի մասին: Նա նշեց, որ այդ մարդկանց պետք է հրավիրեն դատարան: 

Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի միակ ճիշտ որոշումը Պ. Հայրիկյանի քաղհայցը առանց քննության թողնելն էր: Ամբաստանյալների կարծիքով` Պ. Հայրիկյանի ներկայացրած բողոքը անհիմն է:

Ամբաստանյալ Սարգիս Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանի խոսքով` ամբաստանյալները միշտ շեշտել են, որ Պ. Հայրիկյանին ոչ թե սպանելու, այլ վախեցնելու ցանկություն են ունեցել և նրան առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ: Նույնը ասաց նաև Խ. Պողոսյանի շահերի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը: 

Վ. Սեդրակյանը նշեց, որ հիմա էլ չի ափսոսում, որ առաջադրվել է նախագահական ընտրություններում և համոզված է, որ ՀՀ 4-րդ նախագահն է լինելու:

Նա նաև նշեց, որ ինքն առաջինն է ասել, թե Հայաստանը պիտի միանա Մաքսային միությանը, որին այդ ժամանակ շատերը հեգնանքով են վերաբերվել:

Ա. Սիրունյանը նշեց, որ Վ. Սեդրակյանը, եթե իսկապես կազմակերպած լիներ մահափորձ, ապա նորմալ բանականության տեր մարդ է և հանցակիցներին թաքցնելու, ու ինքն էլ թաքնվելու միջոցներ կձեռնարկեր: 

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման ժամկետով, Խաչատուր Պողոսյանը՝ 14, Սամվել Հարությունյանը 12 տարի ժամկետով:

Նախորդող հրապարակում` Վարդան Սեդրակյանի փաստաբանը նրա ներկայացուցիչն է ևս մեկ գործով

Վարդան Սեդրակյանի պաշտպան. Դիմելու ենք ՄԻԵԴ

Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման

Վարդան Սեդրակյան. Համոզված եմ՝ Հայաստանի 4-րդ նախագահն եմ դառնալու